Մատչելիության հղումներ

Քլինթոն - Թրամփ մրցապայքարը գնահատվում է Ամերիկայի պատմության մեջ ամենասկանդալայինը


Ամիսներ տևած թեժ պայքարի արդյունքում միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ստացան կուսակցական պատգամավորների անհրաժեշտ աջակցությունը, որը և գործնականում երաշխավորում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նրանց առաջադրվելու իրավունքը:

Այսպիսով, ԱՄՆ-ի պատմության ընթացքում որպես առաջին կին նախագահ Սպիտակ տուն մուտք գործելու ճանապարհին Հիլարի Քլինթոնի միակ մրցակիցը մնում է իր աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկնող Թրամփը:

Քլինթոն - Թրամփ մրցապայքարը գնահատվում է Ամերիկայի պատմության մեջ ամենասկանդալայինը. այս երկու թեկնածուները անցել են արդեն անձնական վիրավորանքների սահմանը:

Աշխարհի գերտերություններից մեկի առաջնորդի դերը ստանձնել ցանկացող երկու թեկնածուների տեսակետները հիմնականում իրար հակասում են: Եթե Հիլարի Քլինթոնը խոստանում է շարունակել Օբամայի վարչակազմի քաղաքականությունը, ապա Թրամփը սպառնում է գլխիվայր շուռ տալ ամերիկյան քաղաքական գիծը՝ մասնավորապես արտաքին դիվանագիտության հարցերում:

Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին հանրապետական Թրամփը չի թաքցնում իր անձնական համակրանքը Կրեմլի ղեկավարի նկատմամբ՝ նրան բնութագրելով որպես տաղանդավոր և ուժեղ անձնավորություն, մինչդեռ Պուտինի հետ աշխատելու տարիների փորձ կուտակած Քլինթոնը հակադարձում է՝ Պուտինը պարզապես խուլիգան է:

Չորս տարի ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարած Քլինթոնը պնդում է, որ պետք է օգնել Եվրոպային Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար, իսկ Թրամփը առաջարկում է օգնել Ռուսատանին՝ մասնավորապես Սիրիայում օդային հարձակումների հարցում:

Միացյալ Նահանգների առաջնորդած ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի շուրջ տարաձայնությունները երկու թեկնածուների հեռակա բանավեճի ամենաթեժ թեմաներից է: Քլինթոնը չի թաքցնում՝ անվերապահորեն հավատում է Հյուսիսատլանտյան դաշինքի ուժին: Թրամփն էլ համարում է, որ կառույցը վաղուց սպառել է իրեն և եթե ցանկանում է ինքն իրեն փրկել, ապա պետք է լծվի միգրանտների դեմ պայքարին:

Դեմոկրատ և հանրապետական թեկնածուները թերևս համակարծիք են մի հարցում՝ Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա: Երկուսն էլ պնդում են, որ նախագահության օրոք կանխելու են Իրանի նման փորձերը, սակայն ի տարբերություն Քլինթոնի՝ Թրամփը բացասական է գնահատում Իրանի հետ գործարքը և խոստանում է Սպիտակ տուն մտնելուն պես վերանայել այն:

Չինաստանի հարցում երկու թեկնածուները մարտական են տրամադրված. Քլինթոնը վստահեցնում է, թե Պեկինի նկրտումներին դիմակայելու փորձ ունի և Ամերիկայի նախագահ դառնալու դեպքում ստիպելու է Պեկինին վերանայել մի շարք հարցերում, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում իր քաղաքականությունը:

Թրամփը Չինաստանի մասին իր կարծիքը համառոտ է ձևակերպել. Պեկինն իր վարած առևտրային քաղաքականությամբ «բռնաբարում» է Միացյալ Նահանգներին։ Էքսցենտրիկ գործարարը հայտարարել է, թե ազգային արժույթի հետ կապված շահարկումներով Չինաստանը հսկայական վնաս է հացնում ԱՄՆ-ի բիզնես ոլորտին:

Քլինթոն-Թրամփ բանավեճը թերևս առավել սուր դրսևորումներ կստանա առաջիկա ամսիներին: Ամերիկյան մամուլը կատաղի մրցապայքար է կանխատեսում, սակայն վերլուծաբանները կոչ են անում խուճապի չմատնվել թեկնածուների՝ երբեմն կոշտ ձևակերպումներից ու կոչերից ու հիշեցնում, որ թեկնածուները հաճախ են ասում մի բան, սակայն ընտրվելու դեպքում անում միանգամայն այլ բան:

XS
SM
MD
LG