Մատչելիության հղումներ

logo-print

Բորդյուժա․ ՀԱՊԿ բոլոր 6 անդամներն էլ նպաստեցին բախումները կանգնեցնելուն


Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Ռուսաստանի նախագահի, վարչապետի ակտիվությունն այդ հարցում հենց դաշնակցի գործողություն է կառույցի շրջանակում:

ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ ցանկացած ապակայունացում, հատկապես հակամարտության տարածքներում, սպառնալիք է այդ պետությունների անվտանգությանը, այսօր հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով Երևանում մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին։

«Բնականաբար, նման երևույթները մեր ուշադրությունից չեն վրիպում, ինչպես Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում և մյուս տարածաշրջաններում»,- նշեց Բորդյուժան՝ շարունակելով․ - «Իր ելույթում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշատակեց Ռուսաստանի ղեկավարության ակտիվ դերակատարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, փոխընդունելի որոշումներ գտնելու հարցում։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանի նախագահի, վարչապետի ակտիվությունն այս հարցում հենց դաշնակցի գործողություն է ՀԱՊԿ կառույցի շրջանակում»:

Նրա խոսքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարություն չէ, այլ 6 պետություններ, որոնց բոլորի ղեկավարներն էլ, ըստ Բորդյուժայի, իրենց քաղաքական կշիռն օգտագործելով՝ փորձում էին կանգնեցնել ռազմական գործողություններն ու կողմերին վերադարձնել բանակցությունների սեղան։

«Եվ, կարելի է ասել, այդպես էլ արվեց, ինչը ևս, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի գործողությունն է՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների քաղաքական ազդեցությունը իրավիճակի վրա։ Ես կարծում եմ՝ հենց այս պրիզմայի միջով է պետք նայել ՀԱՊԿ-ի դերին, և ոչ թե զորքեր ուղարկելու, կամ ռազմական ներուժը կիրառելու տեսանկյունից։ Մեր գլխավոր հաղթաթուղթը մեր պետությունների քաղաքական ազդեցությունն է այս կամ այն երևույթի վրա, որը տեղի է ունենում մեր պետությունների տարածքում»,- շարունակեց Բորդյուժան։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր կարճատև ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության համակարգին, նշելով, որ դրա ստեղծման աշխատանքներն արդեն մի քանի տարի է ընթանում են։ «Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերով ու հիմա գտնվում է օրենսդիրների սեղանին: Եվ եթե հաստատվի, ուժի մեջ կմտնի։ ՀԱՊԿ շրջանակներում նպատակ կա ստեղծել այդպիսի համակարգեր: Արդեն կան ռուս-բելառուսական, ռուս-ղազախական, հիմա էլ ստեղծվում է ռուս-հայկական»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելեց, որ հետագայում առանձին այդ համակարգերը կմիավորվեն՝ դառնալով ՀԱՊԿ ամբողջական հակաօդային պաշտպանության համակարգ: Հայ-ռուսական նոր համաձայնագրին հասարակական ոչ միանշանակ արձագանքի մասին հարցին Բորդյուժան արձագանքեց, որ դա ոչ թե հասարակական, այլ մասնագիտական քննարկման առարկա է։

«Դա պետք է քննարկեն մասնագետները, որոնք ներգրավված են համակարգի ստեղծման գործում, բայց ամեն դեպքում նաև հարցով հետաքրքրվող հասարակության ներկայացուցիչները», - նշեց նա:

XS
SM
MD
LG