Մատչելիության հղումներ

ԵԽ հանձնաժողով․ Ադրբեջանում շարունակում են հայերի դեմ ատելություն սերմանել


Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի զեկույցում հիշատակված է նաև մարդասպան Սաֆարովի դեպքը:

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում ատելություն սերմանող խոսքի, անկախ քաղաքացիական հասարակության և մամուլի նկատմամբ շարունակվող ճնշումների, սեռական փոքրամասնությունների դեմ հարձակումների ու բռնությունների կապակցությամբ:

Երեքշաբթի օրը հրապարակված զեկույցը փաստում է, որ չնայած վերջին հինգ տարիների ընթացքում ազգատյացության դրդապատճառներով Ադրբեջանում հանցագործություններ չեն արձանագրվել, այնուամենայնիվ, քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և զանգվածային լրատվամիջոցները շարունակում են հայերի դեմ ատելություն սերմանել:

«Ադրբեջանի մի ամբողջ սերունդ մեծանում է՝ լսելով այս ատելությամբ լի հռետորաբանությունը», - գրում են զեկույցի հեղինակները, նշելով, որ իրավապաշտպան ակտիվիստները, մասնավորապես՝ որ հանդես են եկել Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ, դատապարտվել են երկարաժամկետ բանտարկությունների՝ վիճահարույց մեղադրանքներով:

Զեկույցը մեծ մտահոգություն է հայտնում, որ ազգատյացությունը ուղղվել է նաև թալիշների դեմ, և նշում, որ շարունակվող ազգատյացությունը կարող է հանգեցնել ռասիստական բռնությունների:

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2012 թվականին Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ազատ արձակելը և գովաբանելը, ով Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայկական բանակի սպային սպանելու համար, նպաստում է ռասիստական հանցագործությունների համար անպատժելիության զգացողության ձևավորմանը:

Եվրախորհրդի հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին առաջարկում է վերջ տալ ատելություն սերմանող ելույթներին, փոխարենը նպաստել փոխըմբռնմանը և փոխադարձ վստահությանը:

Հանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանը խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրությունը չի ընդունել, դավանանքի ազատության օրենքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, կրոնական տարբեր փոքրամասնություններ խիստ սահմանափակումների և խտրականության են ենթարկվել՝ ներառյալ ոստիկանական ստուգումներ և ձերբակալություններ:

Զեկույցը արձանագրում է աղոթատեղիների փակում, մզկիթներից դուրս աղոթքների արգելում, կրոնական գրականության գրաքննություն և խիստ պատիժներ, նաև ընդգծված է, որ Ադրբեջանում զինվորական այլընտրանքային ծառայություն չկա:

Եվրախորհրդի Ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին մի շարք առաջարկներ է ներկայացնում՝ նշելով, որ ներքոշարադրյալ երկու առաջարկությունները պետք է կյանքի կոչվեն երկու տարվա ընթացքում․ առաջին՝ պայմաններ ստեղծել անկախ քաղաքացիական հասարակության զարգացման համար, երկրորդ՝ կատարել Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունը՝ ընդունել այլընտրանքային զինծառայության մասին օրենքը:

XS
SM
MD
LG