Մատչելիության հղումներ

6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել կապիտանի նկատմամբ բռնության համար


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատար, կապիտան Կ. Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, վաշտը ստուգելու ընթացքում կապիտան Խաչատրյանը պարզել է, որ շարքում ալկոհոլ օգտագործած զինծառայողներ կան, որի մասին զեկուցել է գումարտակի հրամանատարին, ապա պահանջել, որ շարքից դուրս գան ալկոհոլ օգտագործած զինծառայողները: «Թվով 6 զինծառայող դուրս են եկել շարքից և ալկոհոլ օգտագործելու համար կապիտանի կողմից արված դիտողության կապակցությամբ վիճաբանել վերջինիս հետ, ձեռքերով, ոտքերով հարվածել նրան։ Վիճաբանությունը շարունակվել է սպայական վրանի մոտ, որտեղ դարձյալ բռնություն է գործադրվել Կ. Խաչատրյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 6 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ բոլոր 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Դատարանը միաժամանակ մեղադրյալներից երկուսի նկատմամբ կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG