Մատչելիության հղումներ

«Ակօս»-ը վիրավորական է համարում Ստամբուլի Հայոց պատրիարքի փոխանորդ Աթեշյանի նամակը


Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին` հայտնելով, որ վշտացած է անցած շաբաթ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով:

Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում Աթեշյանը հայ համայնքի անունից ափսոսանք է հայտնել գերմանացի օրենսդիրների որոշման համար` հայտարարելով, թե «հայերը օգտագործվում են իմպերիալիստական ուժերի կողմից»: Նա անընդունելի և սխալ է համարել, որ Գերմանիայի խորհրդարանը «գերմանացի ժողովրդի անունից որոշում է կայացնում իր իրավասությունների մեջ չմտնող հարցի վերաբերյալ, օրինականացնում այն, իրեն դատավորի տեղ դնում»:

Պատրիարքի փոխանորդի համոզմամբ` բանաձևը ընդունվել է «Թուրքիային և թուրք ժողովուրդին մեղադրելու և պատժելու համար և վնասել Թուրքիայի հայության վերին և ստորին ինքնությունները»:

Անդրադառնալով բանաձևի բովանդակությանը` Արամ Աթեշյանը «էթիկայի տեսանկյունից վիճելի» է համարել, որ «ողբերգական իրադարձություններում գերմանական կայսրության դերը երկու տողով է հիշատակվում, իսկ Օսմանյան Թուրքիան ներկայացվում է որպես տեղի ունեցածի ողջ մեղավորը»: Նրա կարծիքով` վիճելի է նաև այն հարցը, թե գերմանական հասարակությունը որքանով է կիսում ընդունված բանաձևը:

Արքեպիսկոպոս Աթեշյանը ընդգծել է, որ Պատրիարքարանը քաղաքացիական կապերով կապված է պետությանը և մշտապես կատարել է իր պարտավորությունները:

Հիշեցնելով, որ Թուրքիայի հայերը այդ ցավալի և վշտալի օրերը վերապրածների թոռներն են՝ Աթեշյանը հավելել է. - «Շարունակելու ենք վառ պահել օսմանյան հայերի հիշատակը և հիշել հայերի և թուրքերի` հազար տարվա պատմություն ունեցող համատեղ ապրելու մշակույթը»:

Նա նշել է, որ Պատրիարքարանը հետագայում ևս շարունակելու է հավատարիմ մնալ իր այս մոտեցմանը:

Ստամբուլում լույս ընծայվող «Ակօս» պարբերականը այսօր հանդես է եկել պատասխան նամակով: «Ակօս»-ի խմբագրակազմը իր անհամաձայնությունն է հայտնել Աթեշյանի արտահայտած կարծիքին` ընդգծելով, որ վերոնշյալ նամակը կարդացել է բարկության և ամոթի զգացումով:

«Ընդունեք այս նամակը որպես այդ համայնքի անդամ հանդիսացողների, սակայն ձեր տեսակետներն ու ձևակերպումները չընդունողների ձայնը: Մի պետության կողմից սեփական քաղաքացիներին իրենց բնակավայրերից համակարգված կերպով գրեթե ամբողջության ջնջելու փաստը դուք անվանում եք «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր»: Այս ձևակերպումը վիրավորանք է այդ ժողովրդի նախնիների, զոհերի և ողջերի հասցեին», - մասնավորապես ասված է «Ակօս»-ի հրապարակած բաց նամակում:

XS
SM
MD
LG