Մատչելիության հղումներ

Վրաստանում այս տարի զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ է արձանագրվում


Վրաստան - Զբոսաշրջության միջազգային տոնավաճառ Թբիլիսիում, ապրիլ, 2016թ․

Վրաստան - Զբոսաշրջության միջազգային տոնավաճառ Թբիլիսիում, ապրիլ, 2016թ․

Վրաստան այցելությունների թվով հայաստանցիները երրորդն են՝ թուրքերից և ադրբեջանցիներից հետո:

Արձակուրդային սեզոնը դեռ չմեկնարկած` Վրաստան այցելած հայաստանցիների թիվն արդեն իսկ մոտեցել է կես միլիոնի: Սա են վկայում Վրաստանի կառավարությանը կից գործող Զբոսաշրջության ազգային վարչության 2016 թվականի առաջին հինգ ամիսների վիճակագրությունն ամփոփող տվյալները, որոնք հրապարակվեցին այս շաբաթասկզբին Թբիլիսիում:

Դրանց համաձայն՝ Վրաստան այցելությունների թվով հայաստանցիները զիջում են միայն թուրքերին և ադրբեջանցիներին: Հունվարից հունիս ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Հայաստանի 445 հազար, Թուրքիայի 524 հազար և Ադրբեջանի 571 հազար քաղաքացի: Ուշագրավ է, որ Վրաստան ուղևորությունների քանակով Հայաստանը զգալիորեն առաջ է անցել թե՛ Ռուսաստանից և թե՛ Ուկրաինայից:

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Վրաստան են ժամանել ավելի քան 300 հազար ռուսաստանցիներ և 53 հազար ուկրաինացիներ, վկայում են պաշտոնական տվյալները:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2016-ի առաջին հինգ ամիսներին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հասել է երկու միլիոնի:

Համեմատության համար նշենք, որ ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ամբողջ 2015-ի ընթացքում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 1 միլիոն 192 հազար էր: Վրաստանում այս ցուցանիշը 2015 թվականին հատեց 6 միլիոնի սահմանագիծը:

Ստեղծված իրավիճակում Վրաստանի կառավարությունում նշում են, որ իշխանությունների առաջնահերթություններից մեկը պետք է դառնա ՀՆԱ-ում զբոսաշրջության տեսակարար կշռի հետագա ավելացումը:

«Ընթացիկ տարվա հինգ ամիսներին Վրաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ: Մայիսի դրությամբ` արտերկրից այցելությունների թիվն աճել է շուրջ 15 տոկոսով, իսկ երկրի տարածքում ավելին քան մեկ օր անցկացրած օտարերկրացիների քանակն ավելացել է 24 տոկոսով», - երեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ զբոսաշրջությունը աստիճանաբար վերածվում է վրացական պետության եկամուտների հիմնական աղբյուրներից մեկին:

«2015 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1 միլիարդ 940 միլիոն դոլար: Դա 149 միլիոնով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Այժմ զբոսաշրջությունը կազմում է Վրաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 7 տոկոսը, բայց աճի ներուժը դեռ պահպանվում է», - ասում էր Կվիրիկաշվիլին:

XS
SM
MD
LG