Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր և վիրավորներ Ստամբուլում պայթյունի հետևանքով


Թուրքիա - Ոստիկաններն ու փրկարարները պայթյունի վայրում, Ստամբուլ, 7-ը հունիսի, 2016թ.

Թուրքիա - Ոստիկաններն ու փրկարարները պայթյունի վայրում, Ստամբուլ, 7-ը հունիսի, 2016թ.

Այս պահի դրությամբ դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Այսօր առավոտյան Ստամբուլում իրականացված հարձակման թիրախը ոստիկաններն էին։ Պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, որոնցից 7-ը ոստիկաններ են, չորսը՝ քաղաքացիական անձինք, ևս 36 մարդ վիրավորվել է, 3-ի վիճակը ծանր է։ Այս տվյալները հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Սահինը։

Hurriyet Daily Dews-ի փոխանցմամբ, նա նշել է, որ պայթուցիկներով լի մեքենա է պայթեցվել այն պահին, երբ ոստիկանական ավտոբուսը անցել է դրա մոտով։

Anadolu գործակալությունը հաղորդում է, որ պայթյունից հետո լսվել են նաև կրակոցներ։

Դեպքի վայր էին մեկնել շտապօգնության մեքենաներ, սակրավորներ, այդ շրջանում ուժեղացվել է անվտանգությունը։

Պայթյունն իրականացվել է առավոտյան ժամը 8։30-ի սահմանում` Ստամբուլի եվրոպական մասում՝ Վեզնեջիլեր թաղամասում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հիվանդանոցում տեսակցել է վիրավորներին։ Նա լրագրողներին ասել է, թե դատապարտում է ահաբեկչական հարձակումը, և նշել, որ Թուրքիան ահաբեկչության դեմ կպայքարի մինչև վերջ։

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը դատապարտել է հարձակումը՝ ընդգծելով, որ ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնը ուս-ուսի կանգնած է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կողքին։

«Խորապես վշտացած եմ Ստամբուլում կատարված բարբարոսական ահաբեկչական հարձակման կապակցությամբ։ Այսպիսի անիմաստ բռնությունները երբեք չեն կարող որևէ պատճառաբանություն ունենալ», - Թվիթերում գրել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը։

Այս պահի դրությամբ դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Daily Sabah-ը, հաղորդելով այսօրվա միջադեպի մասին, նաև թվարկել է վերջին շրջանում Թուրքիայում իրականացված խոշոր հարձակումները, ահաբեկչական գործողությունները։ Ըստ այդ տվյալների, միայն այս տարի՝ 2016 թվականի ընթացքում Թուրքիայում իրականացված հարձակումների արդյունքում չորս տասնյակից ավելի մարդ է զոհվել։

Հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասում իրականացված հարձակման հետևանքով տասը մարդ է զոհվել, փետրվարի 17-ին Անկարայի պայթյունից առնվազն 28 մարդ է զոհվել՝ քաղաքացիական անձինք և զինվորականներ, մարտի 13-ին Անկարայի պայթյունից 37 քաղաքացիական անձինք են զոհվել, մոտավորապես 100-ը՝ վիրավորվել, մարտի 19-ին Ստամբուլի մարդաշատ թաղամասում իրականացված պայթյունից 4 մարդ է զոհվել, երեք տասնյակից ավելին՝ վիրավորվել։

Հարձակումների համար Թուրքիան մեղադրում է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) զինյալներին կամ դրանից ճյուղավորված կազմակերպություններին։

XS
SM
MD
LG