Մատչելիության հղումներ

Օրերս Մշակույթի նախարարի հրամանով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար նշանակվեց ամերիկահայ անվանի դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

Օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի նախաձեռնությամբ լրագրողներին այսօր ճեպազրույցի էին հրավիրել թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի և նրա՝ Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում հյուրընկալվող համաշխարհային երաժշտական աշխարհի անվանի ներկայացուցիչների՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի տնօրեն Ջոն Ֆիշերի, իտալացի նշանավոր դիրիժոր Պաոլո Միչեկի և այլոց հետ:

Անդրանիկ Արզումանյանի խոսքով, թատրոնի համար մեծ պատիվ է համաշխարհային հռչակ վայելող գեղարվեստական ղեկավար ունենալը․ - «Մեզ համար շատ մեծ պատիվ է, որ մեր հայրենակիցը եկավ Երևան, վերադարձավ և կղեկավարի մեր օպերային թատրոնի ստեղծագործական ամենակարևոր օղակը»:

Կոնստանտին Օրբելյանը առաջիկա ծրագրերի մասին շատ համեստորեն է խոսում: Ասաց, որ առայժմ փորձում է ծանոթանալ թատրոնին՝ երգիչներին, երաժիշտներին, թատերախմբերին, նվագախմբին՝ թվով մոտ 600 հոգու, իհարկե նաև թատրոնի տեխնիկական հնարավորություններին և հագեցվածությանը` հասկանալու, թե ինչ կարելի է անել առաջիկայում:

Հավելեց նաև, որ թատրոնին ծանոթանում է իր մտերիմ ընկերների հետ, որոնց մասնագիտական ունակություններն ու փորձառությունը ևս շատ օգտակար կարող են լինել մեր օպերային թատրոնի համար:

«Ազատության» հարցին, թե արդյոք իր բազմազբաղ գործունեության մեջ բավարար ժամանակ և հնարավորություն կունենա մեր օպերային թատրոնում լիարժեք աշխատանքի համար, Օրբելյանը պատասխանեց, որ անպայման կունենա. դրա համար միայն «կամք ու ցանկություն է անհրաժեշտ»:

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի տնօրեն Ջոն Ֆիշերը շեշտեց, որ, իր տպավորությամբ, այսօր մեր թատրոնը հիանալի հեռանկարներ կարող է ունենալ, մեծ պոտենցիալ կա, շատ լավ ձայներ: Հավելեց, որ իր առաջին այցն է Հայաստան, և իր համար շատ մեծ հաճույք է Հայաստանում գտնվելը:

XS
SM
MD
LG