Մատչելիության հղումներ

Խանումյանը վստահ է, որ «առնվազն կատարողները կպատժվեն»


Հայկ Խանումյանը զրուցում է «Ազատության» հետ:

Հայկ Խանումյանը զրուցում է «Ազատության» հետ:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու հատկանիշներով:

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում սկսված աղմկահարույց այս միջադեպի գործով մեղադրյալներ ու կասկածյալներ առայժմ չկան:

Հայկ Խանումյանը, մինչդեռ, դեռ երեկ հայտարարել էր, որ ճանաչել է իր վրա հարձակված քսան անձանցից առնվազն յոթին:

Հիվանդանոցում «Ազատության» հետ զրույցում Խանումյանն այսօր ասաց, լավատես է․ - «Յոթ հոգու ճանաչում եմ արտաքինով: Վիդեոների ուսումնասիրությունը թերևս քննչական բաժնին հնարավորություն կտա, Ազգային ժողովի, Արցախբանկի տեսախցիկները հնարավորություն կտան առնվազն մարդկանց գտնելու․․․ Ես վստահ եմ, որ այդ գործը կբացահայտվի, և առնվազն կատարողները, վստահ եմ, որ կպատժվեն»:

Ընդդիմադիր պատգամավորն այսօր նույնպես հարցաքննվել է: Նա անուններ չի հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից: Սակայն պնդում է, որ իրեն ծեծողներն ու առևանգողները քաղաքական պատվեր էին կատարում:

Քթի, այտոսկրի ու կողոսկրերի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված պատգամավորը հիվանդանոցում կմնա առնվազն մեկ շաբաթ:

Օրը ցերեկով հասարակական վայրում Ազգային ժողովի պատգամավորին ծեծելով առևանգելու փաստը դատապարտում են նաև Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ուժերը: Գործընկերոջը հիվանդանոցում տեսակցելու եկած պատգամավորները իրավապահներին կոչ էին անում բացահայտել կատարվածը:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի գնահատմամբ՝ միջադեպը հարիր չէ ժողովրդավարական համակարգ որդեգրած Ղարաբաղին․ - «Միանշանակ դատապարտելի է և անընդունելի է, որովհետև մենք իսկապես արդեն երկար տարիներ այսպես կամաց-կամաց այդ ժողովրդավարության քարը դնում ենք, որպեսզի կառուցենք ժողովրդավարական երկիր, և հանկարծ բոլորիս համար անսպասելի․․․ բոլորս շոկի մեջ ենք»:

Դատապարտելով կատարվածը՝ ՀՅԴ Արցախի կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշեց, որ այդ միջադեպը լուրջ հարված կհասցնի Լեռնայի Ղարաբաղի հեղինակությանը․ - «Ի վերջո, մեր երազած երկիրը սա չէ, ի վերջո մենք փորձում ենք առավելագույնս մեր կարելիությունը ներդնել այդ սկզբունքները վերջնականորեն արմատավորելուն: Այսինքն մեր համար ընդունելի չէ 90-ականների այն մթնոլորտը, այն միջավայրը, ինչը առկա էր Արցախում, և որը մենք, կարծես թե, հաղթահարել և թողել ենք մեր անցյալում: Ես կարծում եմ, Ղարաբաղի պետական իմիջին, նաև արտաքին վարկին որոշակի հարվածներ և լուրջ հարվածներ կլինեն»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, «հնդկական ֆիլմ» որակելով կատարվածը, երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե միջադեպում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, քանի որ պատգամավորին ճանաչում է որպես «մուննաթ» Խանումյան, ով անհավասարակշիռ է, բազմիցս վիրավորել է տարբեր մարդկանց:

Դավիթ Իշխանյանը, մինչդեռ, գրեթե վստահ է, որ Խանումյանին ծեծի են ենթարկել քաղաքական գործունեության համար․ - «Հայկ Խանումյանը փորձում էր քաղաքական գործընթացներով առաջնորդվել, և այդ գործընթացները իր համար հիմնականում ուղենիշ էին: Եվ այստեղ տեսնել անձնական և ինչ-որ անձնավորված խնդիրներ, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե, պետք է ընդհանուր առմամբ տեսնել քաղաքական ենթատեքստ, և այդ քաղաքական ենթատեքստը առավել քան կապված է վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների և դրա հետ կապված Հայկ Խանումյանի որոշ արտահայտությունների հետ»:

XS
SM
MD
LG