Մատչելիության հղումներ

OCCRP-ի տեղեկություններով Ալիևների ընտանքին պատկանող AtaBank-ը, PashaBank-ը, ինչպես նաև Կասպիական զարգացման բանկը (CDB) ազգային տարադրամի 2015-ին տեղի ունեցած երկու խոշոր արժեզրկումների ընթացքում տարատեսակ մեքենայություններ են իրականացրել` խախտելով ֆինանսական շուկան կարգավորող ազգային օրենսդրության մի շարք դրույթներ:

«Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին շուրջ 64 միլիոն դոլարի շահույթ է ստացել ազգային տարադրամի` մանաթի արժեզրկման արդյունքում», - պնդում են հետաքննող լրագրությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի` «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագծի» (OCCRP) ներկայացուցիչները այսօր հրապարակած զեկույցում:

Հետաքննող լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնված կառույցներից մեկը` 2014-ի դեկտեմբերին ստեղծված և Ալիևների մերձավոր բիզնես գործընկեր Աշրաֆ Քամիլովին պատկանող Կասպիական զարգացման բանկը, օրինակ, կազմավորումից երեք օր անց 52 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին:

«Գործարքի կնքումից երեք շաբաթ անց Կենտրոնական բանկն արժեզրկեց մանաթը, ինչի արդյունքում Կասպիական զարգացման բանկը միայն ամերիկյան տարադրամի փոխարժեքի կտրուկ տատանման շնորհիվ կարողացավ ավելի քան 12 միլիոն դոլար վաստակել: Դեկտեմբերյան արժեզրկման արդյունքում միայն այս վարկից բանկի ստացած շահույթն է՛լ ավելի աճեց` հասնելով 24 միլիոն դոլարի», - նշում են զեկույցի հեղինակները:

Մեքենայությունների մոտավորապես նույն մեխանիզմն է գործել նաև AtaBank-ի պարագայում, որպես որի հիմնական սեփականատեր նշվում է Իլհամ Ալիևի որդու` Հեյդարի անունը, իսկ նախագահի դստրերը` Լեյլան և Արզուն, բանկի բաժնետերերն են:

«Մանաթի առաջին արժեզրկումից երկու օր առաջ` 2015-ի փետրվարի 19-ին, Ալիևների ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող ընկերություններից մեկը` շինանյութի արտադրությամբ զբաղվող AAL-ը, վերակառուցում է բանկից վերցված 76 միլիոն դոլարի վարկը` վճարելով այն մանաթով և նույն օրը շատ ավելի մեծ դոլարային վարկ վերցնելով», - գրում են զեկույցի հեղինակները՝ մանրամասնելով․ - «Երկու օր հետո, երբ մանաթն արժեզրկվեց, AAL ընկերությունը կարողացավ շուրջ 20 միլիոն, իսկ AtaBank-ը` 39 միլիոն դոլարի շահույթ ապահովել»:

Ալիևների ֆինանսական կայսրության երրորդ անդամը՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Փաշաևա-Ալիևայի հարազատների կողմից ստեղծված և նախագահի դստրերի կողմից վերահսկվող PashaBank-ը, ըստ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագծի» հրապարակած զեկույցի, կարողացել է 2015-ին իրականացված արտարժութային գործարքների շնորհիվ 28 միլիոն դոլարի շահույթ ապահովել: «Ուշագրավ է, սակայն, որ այդ գործարքների մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն բանկի հաշվետվության մեջ ընդհանրապես չկա», - գրում են զեկույցի հեղինակները:

«Այս գործարքների արդյունքում որոշ հարցեր են ծագում: Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը տեղյակ է եղել մանաթի առաջիկա արժեզրկման մասին, արդյո՞ք ինքը նախագահը կամ նրա թիմակիցներից որևէ մեկը, կամ բոլորը միասին քայլեր են ձեռնարկել` պաշտպանելու իրենց պատկանող բիզնեսներն ու օգտագործելու ստեղծված ճգնաժամային կացությունը շահույթ ստանալու նպատակով», - շարունակում են զեկույցի հեղինակները` հիշեցնելով, որ ի տարբերություն Ալիևների ընտանիքի, Ադրբեջանի բնակչության և գործարար աշխարհի մեծամասնության համար 2015 թվականը պարզապես մղձավանջային էր․ - «2015 թվականի երկու արժեզրկումների հետևանքով բանկային համակարգը ավելի քան մեկ միլիարդ դոլարի վնաս կրեց: Ադրբեջանական առնվազն չորս բանկեր փակվեցին, ևս երկուսը ստիպված էին միավորվել: Շարքային քաղաքացիները մանաթի արժեզրկմանը պատրաստ չէին, և շատերը կորցրեցին իրենց խնայողությունների կեսը»:

XS
SM
MD
LG