Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. Բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ


Բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ, այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն այցելության ժամանակ նախագահը հույս է հայտնել, որ «ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, ինչն է՛լ ավելի կխթանի մեր համագործակցությունը»:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստան-Եվրամիությունը հարաբերությունները, քաղաքական շփումները բավականաչափ ակտիվացել են, ավելի պարբերական են դարձել բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ այցելությունները, ըստ նրա, պարունակում էին բավականաչափ գործնական քայլեր:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրոպայի օրվա տոնակատարությունը ԵՄ պատվիրակությունը համարում է ընդհանուր տոն, որը ցանկանում է նշել Հայաստանի և ընդարձակ Եվրոպական ընտանիքի հետ:

«Մենք անչափ երախտապարտ ենք Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանի ամբողջ տարածքում Եվրոպայի օրվա տոնակատարությունների անցկացման գործում մեզ օժանդակելու համար: Գյումրիից մինչև Կապան, մինչև իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ և մեր լավագույն ջանքն ենք ներդնում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները շատ լավ, դինամիկ զարգացող, բայց գտնում ենք, որ է՛լ ավելի հարստացնելու ու զարգացնելու ներուժ ունենք», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Սարգսյանն ու Սվիտալսկին քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին, ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այդ բարեփոխումներին Եվրամիության շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, գործակցության խորացման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերն ավելի կհարստացնեն երկկողմ օրակարգը և նոր մակարդակի կբարձրացնեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG