Մատչելիության հղումներ

«ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերը պահպանելու են իրենց ինքնուրույնությունը»


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին Պաշտպանության նախարարության՝ վերնագրում բերված պնդումը չի համոզում:

«Դիտարկվող համաձայնագրով հայկական կողմը իր հակաօդային պաշտպանության համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին: Հայկական կողմն է որոշում, թե իր համակարգի որ մասն է տրամադրելու միավորված տարարծաշրջանային համակարգին, կամ հետ վերցվելու նրանից: Նշված հարցում հայկական կողմը պահպանում է իր ինքնուրույնությունը», - տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:

Օրեր առաջ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին, որը կնքվել էր նախորդ տարեվերջին: Համաձայնագիրն արդեն ընդգրկվել է Ազգային ժողովի այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանում և ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կքննարկվի լիագումար նիստում:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, այս համաձայնագիրը որոշակիորեն վտանգում է Հայաստանի օդային ինքնիշխանությունը․ - «Մասնավորապես, հարցերը, կապված այն բանի հետ, թե պատերազմական իրավիճակում արդյոք Հայաստանը միարժեքորեն ինքն է որոշում ինչ անել, ինչպես անել, երբ անել: Եվ բացի դրանից, նաև հետևյալը․ արդյո՞ք Ռուսաստանը էս համաձայնագրով չի ստանում Հայաստանի օդում ինքնուրույն գործողություններ կատարելու հիմք, որի պատասխանատվությունը կընկնի Հայաստանի վրա, բայց Հայաստանը լիարժեք հնարավորություն չի ունենա կանխարգելել կամ մերժել այդ ամեն ինչը»:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ, ի տարբերություն ԵՏՄ անդամ այլ երկրների, միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ Ռուսաստանի հետ կնքել է միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, որպեսզի իր ՀՕՊ զորքերը չտրամադրի այլ պետության զորքերի ենթակայության տակ:

Հակոբ Բադալյանը նկատում է, որ ապրիլից հետո բազմապատկվում են հարցերը ընդհանուր օդային պաշտպանության համակարգի վերաբերյալ, քանի որ Ռուսաստանը իր նպատակների համար երբեք չի խորշում ոտնահարել Հայաստանի շահը․ - «Հստակ է, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ոչ միայն իր դաշնակցային պարտավորությունը չի կատարում, այլ նաև շատ դեպքերում նույնիսկ թշնամական բնույթի գործողություն է կատարում: Միավորվել նման սուբյեկտի հետ միասնական ՀՕՊ համակարգով, այն էլ այնպիսի մարտահրավերների պայմաններում, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, ինքնին դառնում է արդեն չափազանց մեծ ռիսկային գործոն»:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց, որ համաձայնագրին չկա այլընտրանք, քանի որ Թուրքիան ևս սպառնալիք է Հայաստանի համար․ - «Խոսել նրա մասին, որ այդ ՀՕՊ մեխանիզմները կարող են աշխատել, օրինակ, եթե այս տարածքի վրայով ինչ-որ մի անհրաժեշտություն կա կասեցնել հարձակում ՀԱՊԿ անդամ որևէ երկրի նկատմամբ և դա արվում է, Հայաստանը դրանից տուժում է․․․ Ոչ: Մեր հենց ամբողջ խնդիրն էլ էդ է, որ դա պետք է աշխատի բոլոր դեպքերում»:

Դաշնակցական պատգամավորն ընդգծեց նաև, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը կնքվել է սիրիական պատերազմի ընթացքում ռուս-թուրքական վատթարացած հարաբերությունների հետևանքով․ - «Մինչև այդ էլ մեր տարածքը թուրքական ինքնաթիռները ապօրինաբար անցել են, չէ՞: Եվ ուրեմն դրա դեմն առնել պե՞տք է, թե՞ ոչ»:

Քննարկվող համաձայնագրում նշվում է, որ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը:

Այդուհանդերձ, համաձայնագրում նշվում է, որ հավաքական անվտանգության առանձին շրջանի միավորված համակարգի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնելու են Հայաստանի համապատասխան մարմինները:

Համաձայնագրի կանոնակարգով նախատեսվում է, որ հակաօդային պաշտպանության միավորված համակարգը խաղաղ ժամանակ իրականացնելու է մարտական հերթապահության կազմակերպում, իսկ ագրեսիայի սպառնալիքի դեպքում և պատերազմի ժամանակ՝ մարտական առաջադրանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG