Մատչելիության հղումներ

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Սերժ Սարգսյան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՉԺՀ առաջին փոխվարչապետի այցը Հայաստան վկայում է հայ-չինական երկկողմ համագործակցության բարձր մակարդակի և այն ամրապնդելու փոխադարձ ցանկության մասին: Նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարևոր միջազգային գործընկերներից է, Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ-չինական բազմադարյա բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Զրուցակիցները գոհունակությամբ են փաստել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական փոխգործակցությունը հետևողականորեն զարգացել և ընդլայնվել է՝ ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներ:

ՀՀ նախագահը և Չինաստանի առաջին փոխվարչապետը նշել են, որ չնայած արտաքին տնտեսական ցնցումներին, վերջին տարիներին ակտիվ զարգանում է հայ-չինական տնտեսական համագործակցությունը: Համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառներում, նրանց համոզմամբ, կարևոր խթան են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Չինաստանի առաջին փոխվարչապետը կարևորել է ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական ոլորտում ՉԺՀ համագործակցությունը, նշելով, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ պետություն կարող է իր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ բանակցությունների առաջմղման գործում:

XS
SM
MD
LG