Մատչելիության հղումներ

Ուկրաինան Ֆրանսիայում նախատեսված ահաբեկչական գրոհներ է կանխել


Ուկրաինացի իրավապահները առգրավել են զենք, զինամթերք և պայթուցիկ, որոնք ահաբեկիչները կարող էին կիրառել Ֆրանսիայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության օրերին:

Ուկրաինացի իրավապահները առգրավել են զենք, զինամթերք և պայթուցիկ, որոնք ահաբեկիչները կարող էին կիրառել Ֆրանսիայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության օրերին:

Ձերբակալված կասկածյալը Ֆրանսիայի քաղաքացի է:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կասեցրել է առնվազն 15 ահաբեկչական գործողություններ, որոնք պետք է տեղի ունենային այս ուրբաթ Ֆրանսիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության օրերին:

Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի փոխանցմամբ, չարագործին բացահայտելու և ձերբակալելու գործողությունն ընդհանուր հաշվով տևել է մոտ կես տարի:

Կասկածյալը Ֆրանսիայի քաղաքացի է, ով փորձել է ուկրաինա-լեհական սահմանով անցկացնել և Ֆրանսիա տեղափոխել Կալաշնիկովի 5 ինքնաձիգ, 5 հազար փամփուշտ, ՌՊԳ տեսակի երկու նռնականետ, 125 կիլոգրամ պայթուցիկ:

Այդ ամենը, ըստ իրավապահների, օգտագործվելու էր Ֆրանսիայում մզկիթ, սինագոգ և մի շարք վարչական շենքեր պայթեցնելու համար:

«2015 թվականի դեկտեմբերին մենք տեղեկացել ենք, որ Ուկրաինա է ժամանել Ֆրանսիայի մի քաղաքացի, ով ներկայացել է որպես բարեգործական կազմակերպության աշխատակից: Նա սկսել էր կապեր հաստատել Դոնբասի զինված խմբավորումների հետ», - ասել է Գրիցակը:

Նրա խոսքերով, այդ քաղաքացին խոստացել է անջատականներին տարատեսակ հանդերձանք տրամադրել, իսկ հետագայում սկսել է տեղեկություններ հայթայթել Ուկրաինայում զենք, զինամթերք և պայթուցիկ գնելու հնարավորությունների մասին:

Ուկրաինայի պատկան ծառայությունները Ֆրանսիայի վերը նշված քաղաքացուն ձերբակալել են մայիսին: Ըստ Գրիցակի, կասկածյալը դժգոհություն է հայտնել միգրանտների նկատմամբ Ֆրանսիայի վարած քաղաքականության վերավերյալ:

Գրիցակը չի բացառում «ռուսական հետքը» այս գործում, քանի որ կասկածյալ ֆրանսիացին, պարզվում է, առաջարկել է, որ բեռը Ֆրանսիա տեղափոխելու գործողությանը մասնակցի նաև Ուկրաինայի մի քաղաքացի․ խոսքը, հավանաբար, Դոնբասի ռուս անջատականներից մեկի մասին է:

Գրիցակն ասել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր չէր հրապարակել հաղորդագրությունը, բայց ստիպված է դա անել, քանի որ մի շարք ԶԼՄ-ներ արդեն տարածել են կասկածյալին ձերբակալելու մասին տեղեկատվությունը:

Պաշտոնական Փարիզը դեռ չի արձագանքել ուկրաինացիների հրապարակած տեղեկությանը:

Վերջին ժամանակաշրջանում Ֆրանսիան իրականացնում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության օրերին անվտանգությունն ապահովելու աննախադեպ միջոցառումներ:

XS
SM
MD
LG