Մատչելիության հղումներ

logo-print

Անցած օրերին Հալեպի հայաբնակ թաղամասերում տեղի ունեցած ահարկու հրթիռակոծությունների հետևանքով ևս երկու հայ է զոհվել, չորսը վիրավորվել են:

Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթից տեղեկանում ենք, որ միայն նախորդ երկու օրերին Նոր գյուղ և մի շարք այլ հայաշատ շրջաններում տեղի ունեցած ռմբակոծություններից հրդեհվել ու քանդվել են բազմաթիվ շենքեր, խանութներ ու արհեստանոցներ:

Հալեպում բնակվող Մայդա Բակկալյանը, ով զավակներին ճանապարհել է Եվրոպա ու Հալեպում միայնակ է ապրում, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց՝ հրթիռների ձայներն անընդհատ են լսում: - «Հիմա մեկ հատ ինկավ․․․ Աստված գիտե, թե ուր ինկավ․․․ հենց հիմա ձայնը ելավ շատ զորավոր», - պատմեց նա:

Հալեպաբնակ կինը նշում է, որ հատկապես վերջին օրերին վախ ու սարսափի մեջ են ապրում, տնից դուրս գալիս ոչ մի վայրկյան ապահովագրված չեն, որ, ինչպես ինքն է նշում, անձրևի պես թափվող հրթիռներն իրենց վրա չեն ընկնի:

«Չես գիտեր, որ երբ և ուր ինչ պիտի ըլլա», - ասում էր Բակկալյանը, պատմելով, որ շաբաթ երեկոյան Հալեպի Սուլեյմանիե շրջանում արկ է ընկել այն խանութի վրա, որտեղից ինքը րոպեներ առաջ առևտուր էր արել:

Տիկին Մայդան ասում է, որ տեղի հայերը այլևս նախկինի նման իրար չեն հանդիպում, միայն եկեղեցիներում են հավաքվում շաբաթը մեկ-երկու անգամ, սակայն այսօր դա էլ այլևս անվտանգ չէ, անցած օրերին հիմնովին քանդվել է նաև Նոր գյուղ շրջանում գործող Զվարթնոց կաթոլիկ եկեղեցին, ուր այցելում էին տեղի հայերը:

Հալեպահայ կնոջ բնորոշմամբ՝ մի բուռ հայ է մնացել Հալեպում, ովքեր հրետակոծվող քաղաքից դուրս գալու հնարավորություն չունեն:

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտել է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները:

«Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է», - ասված է արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG