Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Իրանի փոխնախագահին, Մեջլիսի նախագահին և ԱԱԽ քարտուղարին


Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Սալեհին Նալբանդյանին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրականացումը։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին: Հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական փոխշահավետ համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին ներկայացրել է այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտանք չունի։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերին։

Թեհրան պաշտոնական այցի շրջանակում, նախօրեին Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Լարիջանին հայտարարել է, որ հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Մեջլիսը կշարունակի իր նպաստը բերել դրանք առավել խորացնելու համար։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների և օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի դերակատարությունը, կարևորել իրանահայ համայնքի ներդրումը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև գործակցության հեռանկարները:

Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը «Արարատ» մարզամշակութային համալիրում հանդիպել է իրանահայ կառույցների ղեկավարների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG