Մատչելիության հղումներ

ԼՂ հակամարտության կարգավորման գագաթնաժողով է նախապատրաստվում


Նիկոլա Ֆայը (ձ) և Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ հանդիպմանը:

Նիկոլա Ֆայը (ձ) և Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ հանդիպմանը:

Հայաստանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով առաջիկայում գագաթնաժողով է հրավիրվելու՝ չհայտնելով, սակայն, այլ մանրամասներ:

Լրագրողների հետ հանդիպմանը ֆրանսիացի դիվանագետը չմանրամասնեց, թե ովքեր են մասնակցելու գագաթնաժողովին, արդյոք այնտեղ որոշումներ են կայացվելու, վերջապես երբ ու որտեղ է կայանալու գագաթնաժողովը:

«Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս հանդիպումների նպատակը գագաթնաժողով նախապատրաստելն է ու միաժամանակ Վիեննայի գագաթնաժողովում կայացրած որոշումների իրականացման ապահովումը: Վիեննայի գագաթնաժողովում որպես առաջնային կարևորություն նշվել է վստահության մեխանիզմների մշակումը: Համանախագահների կողմից այդ փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին: Ենթադրվում է ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակի լիազորությունները և ձևավորել հետաքննական մեխանիզմներ»:

Հնարավոր գագաթնաժողովի վերաբերյալ «Ազատության» հարցին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը արձագանքեց շատ հակիրճ՝ նախագահ Սերժ Սարգսյանի այցերի և հանդիպումների մասին պատշաճ կարգով և ժամանակին նախապես տեղեկացվում է:

Մայիսի 16-ին Վիեննայում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Միացյալ Նահանգների պետքարտուղարի, Ռուսաստանի արտգործնախարարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար հետ, ինչից հետո վերջիններս հայտարարեցին, թե «նախագահները համաձայնության են եկել հաջորդ հանդիպման շուրջ, որը անցկացվելու է հունիսին կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում` նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ»:

Մայիսի 31-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը Նիկոլա Ֆայը ընդգծեց Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի դերը․ - «Այս ամենը, բնականաբար, կյանքի է կոչվելու ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիայի աջակցությամբ: Այդ հանդիպումների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունները, որոնք երկու երկրների նախագահների հանձնառություններն են նաև՝ հանդիպել այս հարցերի շուրջ և քննարկումներ ունենալ ապագա գագաթնաժողովում: Խոսքը վերաբերում է բանակցային գործընթացի վերսկսմանը, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է»:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա ասաց․ - «Տարվա սկզբից Գերմանիան բազմիցս շեշտել է, թե որքան կարևոր է փոխվստահության մթնոլորտի ձևավորումը շփման գծում, և այս առումով կարևոր է դեսպան Կասպշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնումը: Այն բանից հետո, երբ մայիսի 16-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու կողմերի միջև, ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիան ջանքեր է գործադրում Կասպշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման համար անհրաժեշտ բյուջեի ձևավորման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ այդ բյուջեն կընդունվի ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG