Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետն ընդգծել է, որ Չինաստանը հանդիսանում է Հայաստանի ոչ միայն բարեկամ, այլ նաև կարևոր քաղաքական գործընկերներից մեկը, և շեշտել է, որ վերջին տարիների բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է երկկողմ առևտրաշրջանառությունը՝ հասնելով գրեթե կես միլիարդ դոլարի:

«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում և խրախուսում է չինական պետական և մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար և պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր և հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար», - նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ չինական ընկերությունները հաջողությամբ մասնակցել են և հաղթել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև մի քանի էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնելու մրցույթներում:

Ճան Գաոլին իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումն իր երկրի համար ունի կարևոր նշանակություն, և ավելացրել, որ երկկողմ գործակցությունը մշտապես զարգանում է անկեղծության ու փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում:

Չինաստանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և նշել, որ այս ուղղությամբ ձեռքբերումներն ամենևին էլ առավելագույն սահմանը չեն. առկա է մեծ ներուժ տնտեսական կապերում հետագա հաջողություններ արձանագրելու համար:

Ճան Գաոլին ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաև ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Միաժամանակ, նա նշել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում, և ավելացրել, որ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն:

Չինաստանի փոխվարչապետը կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացումը, այդ թվում՝ Աբովյանի և Գյումրիի համագործակցությունը չինական խոշոր քաղաքների հետ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-չինական գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարել մի քանի խոշոր կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին ու առաջիկա քայլերին:

Հովիկ Աբրահամյանը և Ճան Գաոլին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:

Հովիկ Աբրահամյանի և Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, որով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 միլիոն չինական յուանի չափով` Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար:

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և Չինաստանի կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Հայ-չինական համագործակցության խորացմանը վերաբերող մյուս փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիրն է, որն ստորագրել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Չինաստանի կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG