Մատչելիության հղումներ

Թուրքիան պնդում է, որ Բունդեսթագի որոշումն ընդունվել է հայկական լոբբիի ազդեցությամբ


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ

Պաշտոնական Անկարան շարունակում է դատապարտել նախօրեին Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր Բաքու մեկնելուց առաջ տված ասուլիսում կրկին քննադատել է Բունդեսթագի որոշումը` հայտարարելով, որ այն ընդունվել է հայկական լոբբիի ազդեցությամբ:

«1915 թվականի դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանում ընդունված որոշումը մեր բարեկամ և դաշնակից երկրի խորհրդարանի պատմական սխալն է», - հայտարարել է Յըլդըրըմը` ընդգծելով, որ բանաձևը ոչ մի նշանակություն չունի և թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի այն: Նա նշել է, որ առաջիկա օրերին կհստակեցվեն ձեռնարկվելիք հետագա քայլերը:

«Թուրքիան, անկասկած, անհրաժեշտ վերաբերմունք կցուցաբերի: Նախևառաջ պետք է նշել, որ այս որոշումը վնասել է թուրք-գերմանական հարաբերությունները», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված չորս կուսակցություններից երեքը` Արդարություն և զարգացում, Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշման վերաբերյալ:

«Մենք` որպես թուրք ժողովրդի ներկայացուցիչներ, անընդունելի ենք համարում և խստորեն դատապարտում ենք Գերմանիայի խորհրդարանի անարդար որոշումը` հիմնված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած տեղահանության մասին անհիմն պնդումների վրա», - ասված է թուրքական Մեջլիսի հայտարարության մեջ, որին չի միացել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորները տարբեր կերպ են արձագանքել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Իշխող կուսակցությունից Մարգար Եսայանը տեսակետ էր հայտնել, որ այս որոշումը քաղաքական է: Սրան հակառակ, Ժողովրդա-հանրապետականից Սելինա Դողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հրաժարվի գլուխը ավազի մեջ թաղելուց, քանի որ նման կոտորածները մարդկության դեմ իրականացված հանցագործություններ են: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն էլ Գերմանիայի կայացրած որոշումը պատմական է համարել: Նա նշել է, որ Ցեղասպանության հետ առերեսման հերթը Թուրքիայինն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG