Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱՊԿ-ի երկրների ներկայացուցիչները Երևանում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները հունիսի 8-ին Երևանում կանցկացնեն Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) նիստ, որտեղ կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Նիստում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգի զարգացման լրացուցիչ միջոցառումների մասին զեկուցմամբ հանդես կգա կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Կքննարկվի այն կազմակերպությունների ցանկի մասին ՀԱՊԿ-ի ԱԽՔԿ-ի որոշումը, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններում ճանաչված են ահաբեկչական և ծայրահեղական»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Նիստի մասնակիցները կքննարկեն մինչև 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում հավաքական անվտանգության ռազմավարության համաձայնեցման ընթացքը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության գործունեությունը, որի նիստը վերջերս կայացել է Երևանում: Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում նաև կքննարկվի 2016 թվականի երկրորդ կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերի շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG