Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր երեկ ուշ երեկոյան կալանավորվել են, մեղադրվում են իշխանությունը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն, գեներալն ու գնդապետը մեղադրվում են 145 միլիոն դրամի չպահանջված պահեստամասեր ձեռք բերելու մեջ, այն էլ՝ ուռճացված գներով: Այս արարքի համար, ըստ Քրեական օրենսգրքի, նախատեսվում է 3-ից 7 տարվա ազատազրկում:

«Կոնկրետ ՍՊԸ-ի հետ կնքվել է 145 միլիոն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի պահանջարկը տվյալ պարագայում չի եղել: Արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տռուզյանը:

Մեկ այլ քրեական գործով կալանավորված գնդապետին՝ Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ Մհեր Պապյանին առաջադրված մեղադրանքը՝ իշխանությունը չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, մի փոքր ավելի խիստ պատիժ է սահմանում՝ 4-8 տարի:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, այս դեպքում էլ տվյալներ կան, որ գնդապետ Պապյանը անձնական շահագրգռություններ է ունեցել և բարենպաստ պայմաններ է ստեղծել, որպեսզի իր ազգականին պատկանող ընկերությունը հաղթի մրցույթում․ - «Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ գնդապետը, ի պաշտոնե պատասխանատու լինելով գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով բարենպաստ պայմաններ է ստեղծել կոնկրետ ընկերության հաղթելու հավանականությունը ապահովելու համար, և արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերությունը, որի հետ ստորագրվել է շուկայականից շատ ավելի բարձր գներով ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը»:

Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, առերևույթ կատարված հանցագործությունները, որոնք վերագրվում են գեներալ Չիլինգարյանին և գնդապետ Մարգարյանին, տեղի են ունեցել 2011-12 թվականներին, իսկ գնդապետ Պապյանի մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ հանցագործությունը վերաբերում է 2015-ին: «Ազատության» հարցին, թե արդյո՞ք հարուցված քրեական գործերը որոշակի կապ ունեն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ, Սոնա Տռուզյանը արձագանքեց․ - «Նախկինում ևս քննվել են նման քրեական գործեր, և ամիսներ առաջ կոմիտեն ավարտել և դատարան էր ուղարկել շուրջ կես միլիոն դոլարի հափշտակության գործ: Այս պահին, ես հասկանում եմ, որ, հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմը, շատ ավելի մեծ արձագանք են գտնում չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, բայց նման գործեր նախկինում ևս հարուցվել են և քրեական գործերն ուղարկվել են դատարան»:

Նշենք, որ գեներալի և գնդապետների կալանավորումից բացի, նախօրեին ձերբակալվեց Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը: Քննչական կոմիտեի տվյալներով՝ նա պահանջել է 12 հազար դոլար կաշառք՝ զինակոչիկին 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար:

Մեկնաբանելով Զինված ուժերում իրար հաջորդող ձերբակալություններն ու քրեական գործերը՝ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում դրանք դիտարկեց Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից և ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արված հետևությունների շրջանակում: Այժմ, Բաղդասարյանի փոխանցմամբ, այս ոլորտում խորը ուսումնասիրություններ են կատարվում․ - «Եթե ուսումնասիրությունները կտանեն դեպի վերին օղակներ, ինձ թվում է, որ բոլորը պետք է պատասխան տան իրենց բացթողումների, իրենց ձախողումների համար»:

«Խոսվում է արդեն, որ այս ամենից հետո նաև հնարավոր է պաշտպանության նախարարի հրաժարական տեղի ունենա, Դուք դա հավանական համարո՞ւմ եք», - «Ազատության» այս հարցին Բաղդասարյանը պատասխանեց․ - «Հավանականություններով չենք շարժվում: Նման քննարկումներ մեզ մոտ չկա առայժմ, հիմա կատարվում են ուսումնասիրություններ, այդ գործընթացը դեռ շարունակվում է»:

Հարցին, թե այս իրավիճակը նաև պաշտպանության նախարարի՞ բացթողումն է, իշխող խմբակցության ղեկավարը արձագանքեց․ - «Յուրաքանչյուրը ունի իր պատասխանատվության աստիճանը, իր պատասխանատվության չափը: Եթե անմիջական վերահսկողության տակ է գտնվել նախարարի, ուրեմն նախարարը դրա մասին հայտարարություն կանի»:

XS
SM
MD
LG