Մատչելիության հղումներ

ԳԴՀ դեսպան․ Բեռլինը ջանքեր է գործադրելու հայ-թուրքական հաշտեցման համար


Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր, 3-ը հունիսի, 2016թ․

Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր, 3-ը հունիսի, 2016թ․

Ըստ Մաթիաս Քիսլերի, Գերմանիան բազմաթիվ նախագծեր ունի՝ միտված երկու երկրների քաղհասարակությունների հարաբերությունների սերտացմանը:

Երևանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով, առաջիկայում Բեռլինը լրացուցիչ ջանքեր է գործադրելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում դեսպանը, սակայն, չմանրամասնեց՝ ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը: «Նախևառաջ ցանկանում եմ նշել, որ երախտապարտության բազմաթիվ խոսքեր հնչեցին Գերմանիայի խորհրդարանի երեկվա բանաձևի կապակցությամբ, բազմաթիվ նամակներ և շնորհակալության խոսքեր եմ ստացել և այդ ամենը ես կփոխանցեմ Գերմանիայի խորհրդարան: Եթե խոսենք Բունդեսթագի երեկվա բանաձևի հետևանքների մասին, ապա դրանցից մեկն այն է, ինչը հստակորեն նշված է բանաձևում․ մենք պետք է ավելին անենք՝ Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման համար»,- ասաց Քիսլերը:

Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, երեկ գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը: 1915 թ․ իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևին դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր, մեկ պատգամավոր էլ ձեռնպահ մնաց: «Գերմանիան բազմաթիվ նախագծեր ունի՝ միտված Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների հարաբերություններն ավելի սերտ դարձնելուն: Կարծում եմ՝ երեկվա բանաձևը խթան կհանդիսանա այս ուղղությամբ ավելին անելու համար: Երկարատև հեռանկարում, անշուշտ, ցանկանում ենք տեսնել, որ մի օր Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և կբացվի հայ-թուրքական սահմանը»,- շարունակեց ԳԴՀ դեսպանը:

Միջազգային հանրության գործուն ջանքերի արդյունքում 2009 թ․ հոկտեմբերին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հարաբերությունները զարգացնելու մասին: Այդ արձանագրությունները պետք է վավերացվեին երկու պետությունների խորհրդարանների կողմից: Թուրքիան, սակայն, հրաժարվեց այդ անել, ինչի հետևանքով 2010-ի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին: Անցած տարվա փետրվարին նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով արձանագրությունները հետ կանչվեցին Ազգային ժողովից:

XS
SM
MD
LG