Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակ. Ոչ օրինական քայլեր իրականացնող պաշտոնյաները պետք է պատժվեն


Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ
Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Շարմազանովը՝ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների մասին։

Քննչական կոմիտեն գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Գեներալը մոտ երկու շաբաթ առաջ էր ազատվել պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից։ Բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։

Ավելի վաղ կոմիտեն միջնորդել էր կալանավորել նաև պաշտպանության նախարարության սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանին և նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանին։

Այս քրեական գործերով Քննչական կոմիտեն ապրանքագիտական փորձաքննություն է նշանակել։ «Ազատության» հետ զրույցում կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասել էր, որ տվյալներ ունեն, թե Զինված ուժերի կարիքների համար մատակարարված ապրանքների որակը չի համապատասխանել տեխնիկական պահանջներին, կամ գինն ինքնարժեքից բարձր է եղել։

Երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունում Քննչական կոմիտեն հաստատում է՝ քրեական գործերը հարուցվել են Զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ։

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան անդրադառնալով այս քրեական գործերին, իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ցանկացած պետական պաշտոնյա պետք է գործի օրենքի շրջանակներում, և օրինախախտումները պետք է դատապարտվեն։

«Այն որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր իրենց լիազորությունների շրջանակներում չեն լինում և իրականացնում են ոչ օրինական քայլեր, պետք է պատժվեն, դա փաստ է, սա է այս իշխանության փիլիսոփայությունը, և այն, որ խստացում պետք է լիներ, պետք է բոլորը հասկանային նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից անմիջապես հետո», - ասաց Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG