Մատչելիության հղումներ

Շարմազանով. Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ


Գերմանիա - Հայ համայնքի ներկայացուցիչների ակցիան Բունդեսթագի շենքի դիմաց՝ գերմանական խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ, Բեռլին, 2-ը հունիսի, 2016թ․

Գերմանիա - Հայ համայնքի ներկայացուցիչների ակցիան Բունդեսթագի շենքի դիմաց՝ գերմանական խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ, Բեռլին, 2-ը հունիսի, 2016թ․

Կարևոր է Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նաև այն առումով, որ Թուրքիայի դաշնակիցն Առաջին աշխարհամարտում ընդունում է նաև իր մեղսակցությունը, ընդգծում է ՀՀԿ խոսնակը։

Շատ կարևոր է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հինգշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Առաջինը՝ շատ կարևոր է միջազգային դատապարտման ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակիցը Առաջին աշխարհամարտում դատապարտում է այս ցեղասպանությունը՝ թե՛ վերնագրում և թե՛ բանաձևի տեքստի մեջ հստակ ամրագրելով ցեղասպանություն եզրույթը, և, փաստորեն, Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ։ Կարևոր է Գերմանիայի ճանաչումը նաև այն առումով, որ Թուրքիայի դաշնակիցն Առաջին աշխարհամարտում ընդունում է նաև իր մեղսակցությունը, և այս իմաստով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է և դժվար է թերագնահատել», - ասաց Շարմազանովը։

Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ և բարձր է գնահատել գերմանացի պատգամավորների նման դիրքորոշումը։

Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին ասել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Նա ընդգծել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման ու խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:

Բունդեսթագը երեկ գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևին դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր։

XS
SM
MD
LG