Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը դժգոհ է Եվրոպական խորհրդարանից


Ադրբեջանը դադարել է կապ պահել Եվրոպական խորհրդարանի հետ հակաադրբեջանական բանաձևերի պատճառով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Արևելյան գործընկերության ծրագրի Ադրբեջանի մասով զեկուցող՝ լիբերալ-դեմոկրատների խմբակցության անդամ Նորիկ Նիկոլային և Եվրոպական խորհրդարանի անդամ Իվետ Գրիգուլեին:

«Վիրավորական և չհիմնավորված բանաձևերի ընդունումը տեղի է ունեցել ոչ Ադրբեջանի մեղքով, որն ընդամենը պաշտպանել է իր արդարացի դիրքորոշումը»,- հայտարարել է Ալիևը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահին և փոխնախագահին մեղադրելով «հակաադրբեջանական ուժերին մաս կազմելու» մեջ:

«Նրանց հայտարարությունները, հարձակումներն ու զրպարտանքը հարցականի տակ են դնում Ադրբեջանի և Եվրոպական խորհրդարանի միջև կապերի հեռանկարը»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը:

Թեև պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն նշվում, ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը անցած աշնանը ընդունված մի քանի բանաձևերի մասին է, որոնցով, մասնավորապես, կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ, եթե այդ երկիրը չդադարեցնի քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումներն ու ձերբակալությունները:

«Ուշագրավ է, որ երբ Եվրոպական խորհրդարանը հինգ տարի առաջ Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցող բանաձև ընդունեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Բաքվում «արդար գնահատական» որակեցին բանաձևը և ողջունեցին «Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը»,- հիշեցնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG