Մատչելիության հղումներ

Օրերս ձերբակալված բարձրաստիճան զինվորականներից երկուսին մեղադրանք է առաջադրվել


Պաշտպանության նախարարության մատակարարման և սպառազինության ոլորտները ներկայացնող, օրերս ձերբակալված երեք բարձրաստիճան զինվորականներից երկուսին արդեն մեղադրանք է առաջադրվել, այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ազատազրկված գնդապետ՝ Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ Մհեր Պապյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։

Սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանն էլ մեղադրվում է իշխանութունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

«Քննիչը որոշում է կայացրել միջնորդությամբ դիմել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար», - նշեց Սոնա Տռուզյանը:

Նույն օրը ձերբակալված երրորդ պաշտոնյային՝ Պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ մեղադրանք պետք է առաջադրվի ձերբակալությունից հետո 72 ժամվա ընթացքում․ - «Ժամկետը լրանում է այսօր և ավելի ուշ կիրազեկենք նաև նրան առաջադրված մեղադրանքի ծավալի վերաբերյալ»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ սպառազինության և մատակարարման ոլորտները ներկայացնող պաշտոնյաների քրեական գործերի շրջանակներում ապրանքագիտական փորձաքննություններ են նշանակվել, քանի որ տվյալներ կան, որ մատակարարված ապրանքի որակը չի համապատասխանել տեխնիկական պահանջներին, կամ գինը ինքնարժեքից բարձր է եղել։

«Նախաքննությունը շարունակվում է և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները», - նշեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:

Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո իրավապահները առաջին անգամ են զինվորականներին կալանավորելու միջնորդությամբ դատարան դիմում։ Այս քրեական գործերով քննությունները դեռ շարունակվում են։ Կլինե՞ն արդյոք այլ ձերբակալություններ՝ պարզ չէ: Սոնա Տռուզյանն ասաց, որ ամեն ինչ կախված է ձեռք բերված ապացույցներից։

XS
SM
MD
LG