Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային հիշեցնում է Հոլոքոստի մասին


Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Գերմանիայի Բունդեսթագի՝ այսօր ընդունած որոշումը քաղաքականացնում է պատմությունը՝ խոչընդոտելով պատմական խնդիրների ազատ քննարկմանը, և հայկական կողմի տեսակետը ներկայացնում է որպես անվիճելի փաստ:

«1915 թվականի վիճահարույց իրադարձությունների շուրջ հաշտեցումը հնարավոր է միայն երկխոսության, կարեկցանքի և արդարամիտ տեսակետների հիման վրա: Այդ ըմբռնումով էլ Թուրքիան փորձում է հարգել Օսմանյան կայսրության հայերի հիշատակը, կիսել նրանց տառապանքը, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը և գործուն քայլեր կատարել երկու հարևան պետությունների հաշտեցման ճանապարհը հարթելու համար: Այս առումով չկա որևէ բան, որ Թուրքիան պետք է սովորի Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության խորհրդարանից»,- հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Գերմանիային խորհուրդ տալով իր ներդրումն ունենալ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման գործում:

Արձանագրելով «ռասիզմի մակարդակի հասնող թուրքաֆոբիան և իսլամաֆոբիան, արտաքին և ներքին քաղաքականության ներկայիս զարգացումները, որոշ ամբարտավան և օպորտունիստ քաղաքական գործիչների հայտարարությունները», Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային հորդորում է հիշել «իր պատմությամբ անցյալում առաջացած՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների պատճառով արմատավորված խորը տրավման», որը «սկիզբ է առնում Նամիբիայից և տարածվում է մինչև Հոլոքոստ»:

«Մենք ակնկալում ենք, որ Գերմանիան, որպես դաշնակից երկիր, որի հետ սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի ապագայի կերտման հարցում, հանուն Թուքիա-Եվրոպա համագործակցության, հաշվի կառնի մեր կարծիքն ու խնդրի նրբությունը, ինչը մեզ համար կենսական կարևորություն ունի»,- նաև նշում է Թուքիայի արտաքին գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG