Մատչելիության հղումներ

logo-print

2007-ին հանրային գերակա շահ ճանաչված Ռուսթավելի փողոցի տների մի մասը քանդվել է, իսկ բնակիչներին խոստացել էին բնակարան հատկացնել նորակառույցներում։ 9 տարի անց, սակայն, բնակիչների տների տեղում երկու բարձրահարկի փոխարեն մեկ կիսակառույց է։

Կառավարության շենքի մոտ այսօր հավաքված կոնդեցիները փորձում էին լսելի դարձնել իրենց 9 տարվա խնդիրը։

«Ուղիղ 17 անգամ նախագահի մոտ Կոնդի բնակիչները հանդիպում են ունեցել: Ու միշտ նույնը, միշտ նույնը՝ կտանք, կտանք», - վրդովված փոխանցեց ցուցարարներից մեկը:

Կառուցապատողն ի սկզբանե «Դաունթաուն Երևան» ընկերությունն է եղել, որը հետագայում սնանկ է ճանաչվել։

Հասանելիք բնակարանը ստանալու պահանջը կոնդեցիները կառավարությանն են հասցեագրում․ - «Քանի որ պայմանագրի մեջ նշվում է՝ կառավարության որոշումով, դրա համար մենք եկել ենք, դիմում ենք մեր կառավարությանը, քանի որ գերակա շահ են ճանաչել, կառավարությունը պարտավոր է այս հարցին լուծում տալ»:

Վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ կառուցապատողի սնանկ ճանաչվելուց հետո գույքային իրավունքները փոխանցվել են այլ ընկերության:

«Կառավարության գործառույթը էն ա, որ կառավարությունը ապահովել ա համապատասխան միջոցառումներ, որ այդ գույքային իրավունքները «Դաունթաունի» փոխանցվել են «Ի-Էմ-Սի» ընկերությանը, որը դարձել է կառուցապատող և պարտավոր ա էդ շենքը ավարտի ու կատարի բնակիչների հանդեպ էղած պարտավորությունները», - հավելեց վարչապետի խորհրդականը՝ փոխանցելով, որ «Ի-Էմ-Սի» ընկերությունը դեռ նոր պայմանագրեր չի կնքել բնակիչների հետ․ - «Շենքը գրանցվել ա արդեն կադաստրում: Իրենց իսկ խնդրանքով երկրորդ շենքի նախագծերն էլ որ պատրաստ լինեն, նոր մարդկանց կկանչվի և կընտրեն իրենց ապագա բնակարանները, ըստ այդմ էլ պայմանագրերը կկնքվեն ու կգրանցվեն կադաստրում որպես գնման իրավունք»:

Հայկ Դավթյանը չգիտի, թե երբ կավարտվի շինարարությունը, ասում է՝ բազմաթիվ գործոններից է կախված․ - «Իրենց նշելով չի, կամ իրենց ցանկություններով չի ժամկետը: Ժամկետը կախված ա, թե իրենց ակտիվները երբ կարող են իրացնել և այդ գումարները ներդնել շենքի շինարարության վրա»:

Բնակիչները նման խոստումներ բազմիցս լսել են, սակայն արդեն վստահություն չկա․ նրանք հստակ երաշխիքներ են ուզում։

«Ես գրանցված վայր ունեմ, որ քաղաքի մեջ էդ փողոցը գոյություն չունի․․․ Ռուսթավելի փողոց չկա, դրել են Պարոնյան 41: Ի՞նչ ա դա նշանակում, մեզ սարքեցին բո՞մժ», - ասաց ցուցարարներից մի կին: Նրա բախտակիցը հավելեց․ - «Այսօրվա շուկայական գներին համապատասխան մի կիլոմետր շառավղով թող տները առնեն, տան մեր տները մեզ: Մենք չենք սպասում շենքի կառուցմանը: Եթե տասը տարվա մեջ մի հատ շենքը չեն կառուցել․․․»:

XS
SM
MD
LG