Մատչելիության հղումներ

«Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ, համոզմունքներս չեմ փոխել»


Արծվիկ Մինասյան, արխիվ
Արծվիկ Մինասյան, արխիվ

Էկոնոմիկայի դաշնակցական նախարարը «ապատեղեկատվություն» է որակում մի շարք ԶԼՄ-ների կողմից շաքարի ոլորտի մենաշնորհի մասին իր հնչեցրած խոսքի մատուցումը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր, դիմելով լրագրողներին, տնտեսագետներին, քաղաքական գործիչներին, հորդորեց չխեղաթյուրել իր խոսքն ու այն «կոնտեքստից կտրելով» ու սեփական ենթադրություններն ավելացնելով՝ «ապատեղեկատվություն չտարածել»: Խոսքը, մասնավորապես, շաքարի մենաշնորհի վերաբերյալ նախարարի՝ օրերս հնչեցրած մի մեկնաբանության մասին է, որը, ըստ Մինասյանի, միանգամայն սխալ է մատուցվել մի շարք լրատվամիջոցների ու մեկնաբանների կողմից:

Այդ առնչությամբ, Արծվիկ Մինասյանն այսօր, մասնավորապես, նկատեց՝ «Ես ասել եմ հետևյալը՝ շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, երկրորդը չկա այս պահին: Սակայն, գործող օրենքի շրջանակում այս գործարանն իր գործունեությամբ չի համարվում մենաշնորհ: Այսինքն՝ ինքը փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ: Ասել եմ հետևյալը՝ որպեսզի իրականությունը և օրենքը իրար համապատասխանեն, անհրաժեշտ է, որ [գործարանն] էդ մենաշնորհի կարգավիճակը ստանա, բայց ոչ թե արտոնությունների համար, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար:

Երբ կազմակերպությունը չի համարվում մենաշնորհ, նրա նկատմամբ չես կարող կիրառել հակամենաշնորհային քաղաքականության գործիքներ: Ես ամենևին չեմ ասել, որ իրեն պետք է օրենքով ճանաչել մենաշնորհ, արտոնություններ տալ: Ոչ, բացարձակապես ոչ: Որովհետև մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվություն՝ գործունեության թափանցիկության մասով, այդ թվում՝ նաև ինքնարժեքի ձևավորման բոլոր կոմպոնենտների ուսումնասիրությամբ, նաև շուկայում նրա ազդեցության մանրամասն ուսումնասիրության պահանջներով, պարտադրանքով և այլն»:

Էկոնոմիկայի դաշնակցական նախարարը նաև վստահեցրեց, թե պաշտոնը ստանձնելով՝ ինքը չի փոխվել՝ «Ինձ լավ ճանաչելով հանդերձ, չպետք է մի փոքր մտածեն, որ կարող է փոխված լինեմ: Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ, ինչպես պառլամենտում էի: Ես իմ համոզմունքները չեմ փոխել, որովհետև ես էստեղ նշանակված եմ քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի առաջադրմամբ, հետևաբար՝ էն հայացքները, էն մոտեցումները, որոնք քաղաքական ուժը առաջ է տարել, ես շարունակում եմ, որպես նախարար, առաջ տանել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG