Մատչելիության հղումներ

Գնումների վերաբերյալ ԱԱԾ-ի պարզաբանումները փորձագետներին չեն գոհացնում


Օրերս ահազանգեր էին հնչել, որ պետական գնումների ոլորտում կատարված մի շարք գործարքներ «կասկածելի են»:

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է՝ փորձագետների քննադատությանն արժանացած մեծածավալ պետական գնումները ոչ թե մեկ ամսվա, այլ մեկ տարվա համար են կատարվել։ Այս պարզաբանումը, սակայն, չի փարատում գնումների ոլորտի փորձագետների այն կասկածները, թե ծառայությունը անարդյունավետ գնումներ է իրականացրել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն օրերս հրապարակած զեկույցում նշել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն անցած փետրվարին 231 միլիոն դրամի 54 անուն սննդամթերք է գնել, մասնավորապես, 17 տոննա շաքարավազ, 4,5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կիլոգրամ դափնետերև, մոտ 41 տոննա հաց, 10 տոննա կարագ, 142.000 հատ ձու, 1,5 տոննա մեղր, 9 տոննա միս, 5 տոննա թխվածքաբլիթ, 20 տոննա ձկան պահածո: Շարքն այսքանով չի ավարտվում։ Ազգային անվտանգության ծառայությունն «Ազատությանն» ուղղած իր նամակում հավաստիացրել է, որ նշված ողջ սննդամթերքը սահմանապահ զորքերի համար է։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը, ով կատարել է վերոհիշյալ ուսումնասիրությունները, ԱԱԾ-ի պարզաբանումից հետո էլ շարունակում է տարակուսանք հայտնել։ «Սա արդեն ցույց է տալիս վերաբերմունքը, որովհետև այդտեղ շուրջ 54 անուն ապրանք կա, ընդհանուր գումարային 231 միլիոն դրամով, որի մեջ մտնում է մեղր և այլն, և այլն: Ես չեմ հանդիպել մի ՊՆ-ի գնում, որտեղ զինվորի համար մեղր գնվի, այդ ինչպե՞ս է սահմանապահներին մեղր բաժին ընկնում, իսկ հայրենիքի պաշտպանին մեղր բաժին չի ընկնում»,- հարց է հնչեցնում փորձագետը։

Միևնույն ժամանակ, «Ազատության» հետ զրույցում նա ուշադրություն է հրավիրում փչացող ապրանքների պահպանման հարցերին։ «Իհարկե, իրենք արձագանքեցին ու պարզաբանեցին, որ դա տարեկան գնումներ են, բայց էլի այստեղ հարց է առաջանում։ Օրինակ, եթե դու ունես կանխատեսելի պահանջարկ, ես դեռ չեմ խոսում, որ այդտեղ շուտ փչացող ապրանքներ կան, այսինքն, գիտես՝ էս ամիս էսքան է պետք և այլն, և եթե դա գնում ես մի ամսում, դու, ըստ էության, ամրագրում ես, որ դու բյուջետային ծախսերի անարդյունավետ վարքագիծ ես դրսևորել, որովհետև դու գնել ես և պահեստավորում ես ապրանք, այլ ոչ թե... շրջանառությունից հանելով գումար։ Այսինքն՝ էս առումով էլ լրջագույն խնդիրներ կան»,- դիտարկում է անում Մանուկյանը:

Տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանն, իր հերթին, նշում է, որ չնայած նախորդ տարիների համեմատ իշխանությունները թափանցիկ են դարձրել գնումների ոլորտը, դեռևս անհրաժեշտություն կա առավել մանրամասն ու սպառիչ տեղեկություններ հաղորդելու, ինչը հիմնականում չի արվում։ Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության՝ մեկ տարվա համար կատարած գնումներին, Գալոյանը հարցեր է հնչեցնում, որոնց պատասխանները ծառայությունը մինչ այժմ չի տվել։ «Ի՞նչ է նշանակում մեկ տարվա համար մակարոն գնել ու գումարը հիմա տալ՝ պարզ չի, թե ոնց են պահեստավորում։ Պարզ չի, թե վեց ամիս հետո գինը ոնց փոխված կլինի։ Խնդիրներ են, որոնք հենց արդյունավետության մասին են: Ստացվում է, որ պետական ծախսերն անարդյունավետ են։ Այդ սովետական տրամաբանությունը, որ պետպլանը լիմիտներ էր տալիս, ու դա հստակ պետք է լիներ՝ որտեղ են պահելու դա»,- տարակուսում է Գալոյանը։

Ազգային անվտանգության ծառայությունն «Ազատությանն» ուղղած նամակում նաև նշում է, որ «Գնումը կատարվելու է «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում և դրա մասին պայմանագրերը, հայտարարություններն ու հաշվետվությունները պատշաճ կարգով ներկայացված են gnumner.am պաշտոնական կայքում»։

Կառավարության անցած շաբաթվա նիստում գնումներին էր անդրադարձել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա իր մտահոգությունն էր հայտնել՝ հանձնարարելով ապահովել գնումների թափանցիկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG