Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կրկին հետաձգեց Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու որոշումը


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Վիզային ռեժիմի ազատականացմանը դեմ են հանդես եկել Գերմանիան և Ֆրանսիան:

Եվրամիությունը վերստին հետաձգեց Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանման մասին որոշումը:

Պաշտոնական Թբիլիսին վստահ էր, որ Վրաստանի քաղաքացիներն արդեն այս ամռանը հնարավորություն կստանան օգտվել վիզային ռեժիմի ազատականացման պտուղներից։

Եվրոպացի դիվանագետները, սակայն, զգուշավորություն են ցուցաբերում՝ պատճառաբանելով միգրանտների հոսքի հնարավոր աճը:

Եվրամիության ներկայացուցիչները Բրյուսելում քննարկել են Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը և արդյունքում որոշել հետաձգել հարցին լուծում տալը:

Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը դեմ են հանդես եկել Գերմանիան և Ֆրանսիան, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Թեման քննարկվել է Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեում:

Լրատվամիջոցի հետ զրույցում եվրոպացի դիվանագետներից մեկը, ով նախընտրել է չներկայանալ, ասել է, որ խոսքը գործընթացը կասեցնելու մասին չէ, «պարզապես մենք ուզում ենք ավելի զգույշ լինել», դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Մասնավորապես Բեռլինը վրացական խմբավորումներին է վերագրում Գերմանիայում կազմակերպված հանցավորության վրա մեծ ազդեցություն ունենալու հանգամանքը: Եվրամիությունում զգուշանում են հատկապես միգրանտների հոսքի աճից, ընդգծել է դիվանագետը:

Եվրամիության պաշտոնյաները Վրաստանի հետ վիզային ռեժիմի քննարկմանը կվերադառնան հաջորդ շաբաթ՝ նախքան Ուկրաինայի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը տեխնիկապես ավելի բարդ կացության մեջ է:

Եվրոպական հանձնաժողովը, մինչդեռ, դեռևս 2015 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Վրաստանն ու Ուկրաինան կատարել են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բոլոր պայմանները։

Վիզայի ազատականացման ձգձգում է սպառնում նաև Կոսովոյին, որի անկախությունը Եվրամիության անդամ երկրներից ոչ բոլորն են ճանաչել: Թուրքիան նույնպես իր 79-միլիոնանոց բնակչությամբ փորձում է հասնել վիզայի ազատականացմանը, սակայն դժվար թե հասցնի մինչև հունիսի վերջ սահմանված ժամկետում ի կատար ածել բոլոր 72 պահանջները, որոնք Եվրամիության ներկայացուցիչները առաջ են քաշել որպես վիզայի չեղարկման պայման:

Չնայած փախստականների հարցով գործարքին՝ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն բանից հետո, երբ Թուրքիան կտրականապես մերժեց փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը:

XS
SM
MD
LG