Մատչելիության հղումներ

ՀԿ-ներ․ Հակակոռուպցիոն նախաձեռնության հաջողության գրավականը լեգիտիմ իշխանությունն է


Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, արխիվ:
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, արխիվ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լուրջ չեն ընդունում Հովիկ Աբրահամյանի հայտարարած պայքարը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ:

Վեց հասարակական կազմակերպություններ կոռուպցիայի դեմ իրական պայքար տանելու համար գործնական առաջարկներ են անում կառավարությանը՝ միասնական հայտարարությամբ ընդգծելով, որ նախագահի և գործադիրի հնչեցրած հայտարարությունները մինչև օրս չեն վերածվել արդյունավետ գործողությունների, և խորը անվստահություն կա այդ պայքարի անկեղծ լինելու նկատմամբ:

Նախաձեռնությանը միացած Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի համոզմամբ, իշխանություններն ընդամենը նոր դրամանաշնորհներ ստանալու խնդիր են դրել․ - «Կառավարությունը ակնկալիք ունի փողեր ուզելու և ստանալու Արևմուտքից: Եվ կարծում եմ, որ նպատակ ունի ցույց տալ, որ տեսեք, գործ ենք անում: Բայց, ներողություն, այնտեղ ինչքան էլ իրենց շահերն ունենան, հարիֆներ չեն նստած և շատ լավ տեսնում են, որ մարդիկ, ովքեր կոռուպցիայի հիմնադիր հայրերն են Հայաստանի Հանրապետությունում, հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքար»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շարունակում է, թե Հովիկ Աբրահամյանն ընդամենը ուսումնասիրում է՝ մենաշնորհ կա՞, թե՞ ոչ․ - «Միջազգային տարբեր զեկույցներում նշվել է, որ Հայաստանի տնտեսությունը օլիգարխիկ է իր բնույթով, և առավել քան հայտնի են այն մենաշնորհները, որոնք գոյություն ունեն, և առավել քան հայտնի են այն պատճառները, որոնք գոյություն ունեն: Այնպես որ, ավելի շատ աչքակապություն եմ գնահատում ներկա քայլերը, և, բնականաբար, քաղաքական կամքի մասին խոսել ավելորդ է: Մտածված, պլանավորված խաղ է, բեմադրություն, որտեղ դերերը բաշխված են: Առայժմ կոռուպցիայի գլխավոր հովանավորողը և պատասխանատուն՝ հանձինս Սերժ Սարգսյանի, լռում է, ընդամենը խոսելու դերը վերապահված է Հովիկ Աբրահամյանին: Եվ մենք գիտենք, որ ինքը չէ որոշում կայացնում, թե ում նկատմամբ կարող են ինչ-որ գործողություններ կատարվել կամ չկատարվել»:

Լևոն Բարսեղյանն անցած շաբաթ մասնակցել է լրատվամիջոցների խմբագիրների հետ վարչապետի հանդիպմանը, անձամբ Հովիկ Աբրահամյանին է ասել, թե ինչ է մտածում նրա հայտարարած հակակոռուպցիոն պայքարի մասին․ - «Իշխանությունը զավթելով, հանցագործություններով, ցուցարար գնդակահարելով, կաշառքով գալ իշխանության, հետո ասել, որ մենք պայքարում ենք մենաշնորհների դեմ: Էդ հեքիաթները մանկապարտեզներում են մնացել․․․ Անհնար է»:

Տարածած հայտարարությունում հասարակական կազմակերպությունները պնդում են, որ հակակոռուպցիոն նախաձեռնության հաջողության գրավականը լեգիտիմ իշխանությունն է՝ ձևավորված ազատ և արդար ընտրությունների միջոցով:

Ուստի քաղհասարակության ներկայացուցիչները կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի ցուցանիշ են համարում Ընտրական օրենսգրքի անհապաղ փոփոխությունը՝ համաձայնելով հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակներն ու վերականգնելով և ընդարձակելով դիտորդների ու լրատվամիջոցների իրավունքները:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, արխիվ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, արխիվ:

Արթուր Սաքունցի խոսքով, արդեն ընդունված Ընտրական օրենսգիրքը կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի բացակայության վերջին օրինակն է․ - «Խնդիր է դրվել ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանափակումը ապահովելու, քաղաքական կայուն մեծամասնության անխափան ձևավորումը ապահովելու ուղղությամբ: Մենք նշում են, որ եթե դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարելու առումով քաղաքական կամքի մասին, ապա դա ցույց է տալիս, որ դուք իրապես քաղաքական կամք չունեք»:

Կոռուպցիան Հայաստանում համակարգային է, և դրա դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել համատարած անպատժելիության մթնոլորտում, ընդգծում են քաղհասարակության ներկայացուցիչները՝ իշխանություններին հորդորելով քրեականացնել ապօրինի հարստացումը, օրենքով պարտադրել պաշտոնյաներին հայտարարագրել նաև արտասահմանում ունեցած միջոցները, հրապարակել, թե ումից են նվիրատվություններ ստանում, արգելել նրանց ու մերձավորների մասնակցությունը հանրային գնումներում և այլն:

XS
SM
MD
LG