Մատչելիության հղումներ

logo-print

ՔԿ. Մանրամասներ զինկոմիսարիատի ձերբակալված պաշտոնյայի գործով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պաշտպանության նախարարության զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը ձերբակալվել է` Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով։ Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության վարչությունում։

Կոմիտեն նշում է, որ ռազմական ոստիկանությունում հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, թե որդու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցերով 2016 թվականի մայիսի սկզբներին գնացել է զինկոմիսարիատ, որտեղ նույն զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետը պահանջել է 12 հազար դոլար կաշառք՝ որդուն 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար։

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պահանջված գումարի մի մասը՝ նախապես մշակված 5 հազար ԱՄՆ դոլարը, հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին՝ պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Օրենքով սահմանված կարգով Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 5 հազար դոլարը: Ավետիսյանը ձերբակալվել է և հարցաքննվել», - ասված է հաղորդագրությունում։

Նախնական քննության տվյալներով՝ զորակոչի տարիքի հասած երիտասարդն ունեցել է առողջական խնդիրներ՝ հարթաթաթություն և նյարդային խանգարում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG