Մատչելիության հղումներ

Կաժոյան. Ադրբեջանն է մերժում ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը


Վահրամ Կաժոյան, արխիվ

Վահրամ Կաժոյան, արխիվ

Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներքո կազմակերպության կողմից փաստահավաք տեխնիկական առաքելություն ուղարկելուն, իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ ‪Կաժոյանը՝ հակադարձելով Ադրբեջանի պնդումներին, թե Հայաստանը խոչընդոտում է ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։

Մինչդեռ Ադրբեջանը, չնայած բազմաթիվ կոչերին, մինչ օրս մերժում է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը, ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին ընդունված բանաձևի պահանջը՝ ընդունելու ՅՈւՆԵՍԿՕ-ի և ICOMOS-ի կողմից համատեղ փաստահավաք առաքելությունը Նախիջևան՝ Ջուղայի տարածքն ուսումնասիրելու և արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան ընդգծել է Կաժոյանը:

«1998-2006 թվականներին ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրին Ջուղայի հայկական գերեզմանոցի` 9-ից 16-րդ դարերի թվագրվող, մշակութային բարձր արժեք ներկայացնող, հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը, իսկ տարածքը Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի: Այս բարբարոսությունը տեսանկարահանվել է։ Ջուղա այցելել և տեղում իրավիճակին ծանոթանալ Բաքուն արգելում է ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին: Ըստ փորձագիտական գնահատականների՝ այսօր Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները», - նշել է Կաժոյանը:

Նա շեշտել է, որ ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետական հոգածության ներքո, ինչում համոզվել են բազմահազար այցելուները Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG