Մատչելիության հղումներ

Սահակյան. Լիահույս եմ, որ Գերմանիան երկակի ստանդարտներ չի կիրառի


Հովհաննես Սահակյան, արխիվ
Հովհաննես Սահակյան, արխիվ

Բունդեսթագում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ակնկալում է, թե Գերմանիայի Բունդեսթագը կկարողանա ապացուցել, որ անկախ է այլ պետությունների ճնշումներից ու շանտաժներից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից վնաս կհասցնի երկու երկրների դիվանագիտական, տնտեսական, քաղաքական, առևտրային և ռազմական կապերին, նշելով, որ երկու երկիրն էլ՝ Գերմանիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Էրդողանն ասել է, թե այդ ամենը կվերանայվի։

«Առնվազն այդ հայտարարության մեջ մենք տեսանք մի քանի էպիզոդներով, որ տեղի ունեցավ հենց էդ սակարկումը, շանտաժը և երկակի ստանդարտների կիրառելու մղումը։ Միգրանտների հետ կապված հարցը բնականաբար շահարկել են, այնտեղ ապրող թուրքերի հետ կապված խնդիրը, ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը։ Հետևաբար, ես կարծում եմ, որ եթե մենք նաև մեր եվրոպացի գործընկերների հետ այս դժվարին ժամանակահատվածում կերտում ենք ժողովրդավարություն, նախևառաջ պետք է պատմության առջև կանգնենք շիտակ աչքերով», - «Ազատության» հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավորը։

Բունդեսթագում այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը քվեարկության դնելու փաստը սուր արձագանքի է արժանացել Թուրքիայում։

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահականի աղբյուրները, հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հայտնելով իր մտահոգությունը օրինագծի կապակցությամբ։

Սահակյանի գնահատմամբ, Թուրքիայի այսօրինակ վարքագիծը կանխատեսելի էր։ «Այստեղ կարելի է պարզ ասել՝ երկու քաղաքակրթությունների պայքարն է և բախումն է», - ասաց նա։

Հանրապետական պատգամավորն օրինաչափ է համարում թուրքական լոբբինգը և միգրանտների հարցի շահարկումը։ Սակայն լիահույս է, որ Գերմանիան երկակի ստանդարտներ չի կիրառի և կապացուցի իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին։

«Միգրանտների հետ կապված էլ ես իմ անձնական տեսակետը բազմիցս նշել եմ՝ կարծում եմ, որ նաև այստեղ Եվրոպան պետք է մի փոքր անզիջում լինի, և Թուրքիային 5 միլիարդ, 3 միլիարդ ֆինանսավորելով, որպեսզի միգրանտների ճանապարհը փակի, ես չեմ կարծում, որ դա ճիշտ քաղաքականություն է և ժողովրդավարության կանոններին համահունչ է։ Դրա համար նաև այստեղ, ես կարծում եմ, որ էդ բանակցությունները, էս խաղաքարտի վրա որոշակի գործընթացներ կառուցելը այդքան էլ տեղին չէ», - ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, անցյալ տարի Գերմանիայի նախագահը՝ Յոախիմ Գաուքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր խոսքում օգտագործել է ցեղասպանություն բառը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG