Մատչելիության հղումներ

Բունդեսթագում այսօր սպասվում է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը


Գերմանիա - Բունդեսթագի շենքը (Ռայխսթագ) Բեռլինում, արխիվ

Գերմանիա - Բունդեսթագի շենքը (Ռայխսթագ) Բեռլինում, արխիվ

«Պիտի որ քվեարկություն տեղի ունենա և կողմ քվեարկեն», - Գերմանիայից փոխանցում է հայ լրագրողը: Սակայն, ըստ նրա, «ռիսկը կա, որ ինչ-որ մի բան կարող է առավոտյան տեղի ունենալ»:

Ակնկալվում է, որ այսօր Բունդեսթագում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող աղմկահարույց բանաձևը, որը սպառնում է լուրջ վնաս հասցնել ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերություններին: Համենայն դեպս, քվեարկությունից ժամեր առաջ պաշտոնական Անկարան ամենաբարձր՝ նախագահի ու վարչապետի մակարդակով կրկին նախազգուշացրեց՝ եթե փաստաթուղթն ընդունվի, Թուրքիան կվերանայի Գերմանիայի հետ քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերը:

«Անշուշտ, մեր հարաբերությունները Գերմանիայի հետ կտուժեն, սրանում որևէ կասկած չի կարող լինել, և հենց այդ պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին երկարատև հեռախոսազրույց է ունեցել կանցլեր Մերկելի հետ՝ հորդորելով ողջամիտ քայլեր ձեռնարկել», - հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Վերլուծաբանները փաստում են, որ երկկողմ հարաբերություններից բացի, բանաձևը վտանգի տակ կդնի նաև կանցլեր Մերկելի և ողջ Եվրոպայի համար խիստ կարևոր գործարքը՝ միգրանտների ապօրինի ներհոսքը կանխելու վերաբերյալ: Թերևս հենց այդ պատճառով գերմանացի օրենսդիրները անցած մեկ տարում արդեն երկու անգամ հետաձգել են վիճահարույց քվեարկությունը: «Չի բացառվում, որ այդ սցենարը կրկնվի նաև այս անգամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց գերմանական թերթից մեկի լրագրող Տիգրան Պետրոսյանը:

«Այս անգամ եթե հավատանք հայտարարություններին և հավատարիմ մնանք ֆորմալին՝ պիտի որ քվեարկություն տեղի ունենա և կողմ քվեարկեն, այսինքն՝ չկա խոչընդոտ: Սակայն ռիսկը կա, որ ինչ-որ մի բան կարող է առավոտյան տեղի ունենալ, և քվեարկության չդնել այս-այս-այս պատճառով», - ընդգծեց Պետրոսյանը:

Գերմանիայի թուրքական համայնքը, որ վերջին օրերին սպառնալից նամակներ էր հղում գերմանացի օրենսդիրներին, ժամեր անց կրկին բողոքի ցույց կանցկացնի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ նախատեսված քվեարկությանը հետևելու համար հավատարմագրվել են հարյուրավոր լրագրողներ:

Կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը թեժ քննարկմանը ներկա չեն լինի, երկուսն էլ հայտարարել են, թե աջակցում են փաստաթղթին, սակայն քվեարկությանը չեն գա՝ ավելի վաղ ծրագրված հանդիպումների պատճառով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, երեկ գերմանական Bild-ին տված հարցազրույցում կոչ է արել ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չկապել փախստականների խնդրի հետ և չգնալ զիջումների համամարդկային արժեքներին վերաբերող հարցերում:

«Գերմանիան հզոր երկիր է, Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպիսին, օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով․ - «Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնվում է նորից ու նորից, ինչը վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»:

XS
SM
MD
LG