Մատչելիության հղումներ

Աշոտ Հովակիմյան. Ադրբեջանի զինուժը կրկնօրինակում էր «ԴԱԻՇ»-ի գործելաոճը


ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյան, արխիվ

ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյան, արխիվ

Պետությունների՝ բռնի ծայրահեղականությունը և ահաբեկչությունը իրենց նպատակներին ծառայեցնելու ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ գերմանական նախագահության շրջանակում Բեռլինում կազմակերպված «Բռնի ծայրահեղականության և արմատականության կանխարգելում և հակազդում» խորագրով հակաահաբեկչական համաժողովում:

Հովակիմյանը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակում առաջինն էր, որ դատապարտեց «Իսլամական պետության» և «Ալ-Նուսրա»-ի կողմից Իրաքում եզդիների և Դեյր-Զորում ու Քեսաբում հայերի դեմ իրականացված ոճրագործությունները: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների կանխարգելմանը, քանի որ դրանք բռնի ծայրահեղականությունն անմիջականորեն կապում են ահաբեկչության հետ:

Ըստ Հայաստանի ԱԳ փոխնախարարի՝ առկա հակամարտությունները պարարտ հող են ստեղծում բռնի ծայրահեղականության համար, հատկապես այն պարագայում, երբ պետական իշխանություններն այդ հակամարտությունները օգտագործում են մարդու իրավունքները սահմանափակելու և հակամարտության կողմերի նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով: Հովակիմյանն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները միայն եկան հաստատելու հայկական կողմի մտահոգությունը, երբ Ադրբեջանի զինված ուժերը, կրկնօրինակելով Սաֆարովի և «ԴԱԻՇ»-ի [«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման] գործելաոճը, գլխատում և խոշտանգում էին ոչ միայն զինվորականներին, այլև` խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ նաև ծերերին և կանանց։ Այդ ոճրագործություններն իրականացնողները ոչ միայն չդատապարտվեցին, այլև պարգևատրվեցին Ադրբեջանի նախագահի կողմից:

Մայիսի 31-ից հունիսի 1-ը անցկացված համաժողովին ներկա էին ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Բացման խոսքով հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG