Մատչելիության հղումներ

Ազգայնականներն ընդդեմ բուսակերների. բախում Թբիլիսիի սրճարաններից մեկում


Վրաստան - «Կիվի» սրճարանը Թբիլիսիում, արխիվ
Վրաստան - «Կիվի» սրճարանը Թբիլիսիում, արխիվ

Ըստ ականատեսների՝ ծայրահեղ ազգայնականները մսամթերքով հարձակում են գործել բուսակերների սրճարանի վրա:

Ազգայնականներն ընդդեմ բուսակերների` այսպես կարելի է բնութագրել օրերս Թբիլիսիում տեղի ունեցած բախման ողջ էությունը:

Միջադեպը տեղի ունեցավ շաբաթասկզբին Վրաստանի մայրաքաղաքի ամենակենտրոնում` Ազատության հրապարակից և Ռուսթավելի պողոտայից ոչ հեռու գտնվող «Կիվի» սրճարանում:

Ականատեսների խոսքով` մի խումբ ծայրահեղ ազգայնականներ մուտք էին գործել բուսակերների համար նախատեսված այդ սրճարան` իրենց հետ բերված նրբերշիկները, խորոված մսի և տապակած ձկան կտորները շպրտելով հաճախորդների վրա: Մսամթերքի մի մասն էլ ազգայնականները կերել էին բուսակերների աչքի առաջ` անտեսելով այն հանգամանքը, որ «Կիվի»-ում մսամթերքի սպառումը խստիվ արգելված է:

Սրճարանի տիրոջ և մշտական հաճախորդների՝ մսակեր ազգայնականներին դուրս հրավիրելու բոլոր փորձերը ապարդյուն էին: Ավելին, վիճաբանությանը միացել էին հարևան շենքերի բնակիչները` պաշտպանելով ոչ թե հարձակման թիրախ դարձած բուսակերներին, այլ ազգայնականներին:

«Կիվի» սրճարանը Թբիլիսիում հայտնի է ոչ միայն որպես բուսակերության տեղական կենտրոն, այլև ձախ հայացքների տեր անձանց հավաքատեղի: Սրճարանի տերերն էլ Թբիլիսիում հայտնի անարխիստներ են: Այս ամենն է թերևս պատճառը, որ սրճարանը դարձավ վերջին շրջանում ակտիվացած ազգայնական խմբավորումներից մեկի` «Վրացական ուժի» հարձակման թիրախ:

«Այս խմբավորման կորիզը Թբիլիսիի «Դինամո»-ի երկրպագուներն են, որոնք հանդես են գալիս այլազգիների, սեռական փոքրամասնությունների և տարատեսակ երիտասարդական ենթամշակույթների դեմ», - նկատում են վրաց փորձագետները:

«Նրանք որպես իրենց գլխավոր նպատակ հռչակում են պայքարը ռուսական ազդեցության, ձախ շարժումների և կոմունիստների դեմ: Այս խմբավորման անդամները դեմ են նաև ներգաղթին` նախևառաջ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետություններից Վրաստան ժամանածներին: Վրաստանում նման հայացքներ ունեցող մարդիկ միշտ էլ եղել են, բայց այսօր մենք տեսնում ենք կազմակերպված մի ուժ, որը գործում է Եվրոպայի տարբեր երկրների ծայրահեղ աջ շարժումների ու կուսակցությունների օրինակով», - նշում է թբիլիսցի վերլուծաբան Ալեկո Կվախաձեն:

Ազգայնականները, սակայն, կտրականապես հերքում են իրենց ներկայացվող մեղադրանքները` պնդելով, թե բուսակերների դեմ հարձակմանը որևէ առնչություն չունեն:

«Վրացական ուժ» շարժման անդամներից և ոչ մեկը բուսակերների սրճարանում տեղի ունեցած միջադեպին առնչություն չունի: Որևէ մեկը խորովածով սրճարան չի ներխուժել, որևէ մեկին խոզի միս ուտել չենք ստիպել, որևէ մեկին վզից կախված նրբերշիկներով չենք ահաբեկել: Ավելին, մեր շարժման անդամներից և ոչ մեկը սրճարանի հաճախորդների վրա սածիվի չի լցրել», - նշված է վրաց ազգայնականներին միավորող այս կազմակերպության հայտարարության մեջ:

Ավելին, «Վրացական ուժի» առաջնորդները առաջարկում են իրենց վրա վերցնել բուսակերների սրճարանի պահպանությունը` հետագա հարձակումներից խուսափելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG