Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ահազանգում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության օրերին ահաբեկչության վտանգի մասին


Հատուկ ուժերի աշխատակիցները հակաահաբեկչական վարժանք են անցկացնում Stade de France մարզադաշտում, Փարիզ, 31-ը մայիսի, 2016թ․

Հատուկ ուժերի աշխատակիցները հակաահաբեկչական վարժանք են անցկացնում Stade de France մարզադաշտում, Փարիզ, 31-ը մայիսի, 2016թ․

Մրցաշարի օրերին անվտանգությունն ապահովելու է հատուկ ծառայության մոտ 90 հազար աշխատակից:

Հունիսի 10-ին Փարիզում Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումով մեկնարկում է ֆուտբոլային տարվա ամենակարևոր մրցաշարերից մեկը՝ Եվրոպայի առաջնությունը: Հին մայրցամաքի ֆուտբոլի պատմության ընթացում առաջին անգամ առաջնությանը կմասնակցի 24 հավաքական:

Մրցաշարը հյուրընկալող ֆրանսիացիների համար հիմա առավել հրատապ է բուն սպորտի հետ առնչություն չունեցող մի խնդիր՝ անվտանգությունը: Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է, որ այս ամռանը չեն բացառվում ահաբեկչական գրոհներ, և թիրախներից մեկն էլ կարող է դառնալ հենց ֆուտբոլի մրցաշարը, որը, մոտավոր հաշվարկների համաձայն, մարզադաշտերում ցանկանում է դիտել մոտ 2 միլիոն հանդիսատես:

Եվրոպայում անվտանգության խնդիրներն առաջնահերթ են դարձել անցյալ տարվա աշնանից, երբ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկիչների իրականացրած մի շարք հարձակումների հետևանքով 130 անմեղ մարդ զոհվեց: Այն ժամանակ հենց Stade de France-ում՝ Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպման ընթացքում պայթեց ռումբերից մեկը, դրան հաջորդեցին պայթյուններ տարբեր վայրերում:

«Մենք նախազգուշացնում ենք Միացյալ Նահանգների քաղաքացիներին Եվրոպայում՝ խոշոր իրադարձությունների ժամանակ, զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող վայրերում, ռեստորաններում, սրճարաններում, առևտրի կենտրոններում, հանրային հավաքատեղիներում հնարավոր ահաբեկչությունների մասին»,- երեկ ասել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին: Նրա փոխանցմամբ, Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մարզադաշտերը, երկրպագուների հավաքատեղիները, առաջնության հետ կապված տարբեր հանրային միջոցառումները Ֆրանսիայում և ընդհանրապես ամբողջ Եվրոպայում տեսականորեն կարող են լինել ահաբեկիչների թիրախներ:

Անցյալ տարվա նոյեմբերին Ֆրանսիայում տեղի ունեցած գրոհներից հետո նոր հարձակումներ իրականացվեցին արդեն այս տարվա մարտին 22-ին Բելգիայում, որտեղ զոհվեց 35 մարդ և 3 ահաբեկիչ: Ընդ որում՝ փորձագետներն անմիջապես կարծիք հայտնեցին, որ փարիզյան և բրյուսելյան գրոհները ծրագրել է «Իսլամական պետության» հետ կապ ունեցող նույն խումբը, հետագայում դա հաստատվել է: Ամերիկացիները հենց մարտի 22-ին են արձակել ահաբեկչության վտանգի նախազգուշացումը, որի ժամկետը սպառվելու էր այս հունիսի վերջին: Սակայն երեկ Պետդեպարտամենտը ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոս:

Ֆրանսիայում արդեն երրորդ անգամ է անցկացվում ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Ենթադրվում է, որ 2016-ի առաջնության կապակցությամբ, մոտ մեկ միլիոն մարդ կմեկնի Ֆրանսիա, որտեղ տարբեր քաղաքների տասը մարզադաշտերում տեղի կունենա 51 խաղ: Առաջնության անվտանգությունը ապահովելու են պատկան ծառայությունների մոտ 90 հազար աշխատակիցներ: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Stade de France-ում:

Ֆուտբոլի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցել է ընդամենը 4 հավաքական, տեղի է ունեցել 1960 թվականին: Առաջին չեմպիոն է դարձել ԽՍՀՄ հավաքականը, որը Stade de France մարզադաշտում եզրափակիչում 2-1 հաշվով առավելության է հասել Հարավսլավիայի թիմի նկատմամբ: Ուշագրավ է, որ քաղաքական-պատմական զարգացումների բերումով, այդ երկու պետություններն էլ արդեն գոյություն չունեն:

XS
SM
MD
LG