Մատչելիության հղումներ

Երկար փայփայված երազանքն ի վերջո կատարվեց


«Երեխաների աջակցության կենտրոն»-ում ապրող փոքրիկ Սվետլանայի աչքը միշտ ճանապարհին է՝ ե՞րբ կգա մայրիկը
«Երեխաների աջակցության կենտրոն»-ում ապրող փոքրիկ Սվետլանայի աչքը միշտ ճանապարհին է՝ ե՞րբ կգա մայրիկը

Սվետլանան 6 տարեկանից ապրում է «Երեխաների աջակցության կենտրոն»-ում, ժամանակ առ ժամանակ հանդիպում է մայրիկին, երազում է այն օրվա մասին, երբ մեկընդմիշտ նրա կողքին կլինի:

11-ամյա Սվետլանան արդեն մեկ տարի է՝ անհամբեր սպասում է, թե երբ մայրիկը կգա ու իրեն ընդմիշտ կտանի իր այժմյան կացարանից՝ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ից: Ամեն անգամ, երբ բացվում են կենտրոնի դռները, նա սրտատրոփ վազում է ներս մտնողին ընդառաջ․․․ ոչ, այս անգամ էլ իր ետևից չեն եկել: Ամեն դեպքում, հույսը չի կորցնում, դարձյալ շտապում է ննջարան՝ իրերը հավաքելու:

Սվետլանան 6 տարեկանից ապրում է այս կենտրոնում, ժամանակ առ ժամանակ հանդիպում է մայրիկին, երազում է այն օրվա մասին, երբ մեկընդմիշտ նրա կողքին կլինի: Դաստիարակներին մշտապես խնդրում է նորից զանգել մայրիկին՝ հստակեցնելու՝ ե՞րբ նա կգա: Թեպետ մորից դեռ լուր չունի, բայց ընկերներին հրաժեշտ է տալիս: Ասում է՝ կկարոտի ու կփորձի գտնել նրանց այլ վայրերում: Սպասման րոպեները երկար են տևում, անհանգստությունն էլ թաքցնելու համար որոշում է մեզ հետ դուրս գալ զբոսանքի: Երկու ժամ շարունակ մայրիկին է գովում, փորձում է արդարացնել նրան, բացատրում է՝ ինչպես ստացվեց, որ ստիպված եղան առանձնանալ։ «Մամայիս ֆինանսականն էդքան էլ լավ չէր, ինձ բերեց ստեղ, որ կարողանա աշխատել, տուն վարձել ու ինձ նոր ստեղից կտանի»,- ասում է Սվետլանան:

«Մեծանամ, նախագահ եմ դառնալու», - ասում է երեխան ու հավելում՝ կանի ամեն ինչ, որ մարդիկ ստիպված չլինեն սոցիալական վատ պայմանների պատճառով լքել փոքրիկներին: «Ուղղակի, անում են ինչ-որ բաներ, բայց որոշ բաներ էլ չեն անում, որ էդ մարդիկ իրենց լիարժեք զգան․․․»: Սվետլանան հորը տեսնել չի ուզում, ասում է՝ «ինքն ուղղակի ինձ խաբել ա, գնացել ա Ռուսաստան ու էլ հետ չի եկել, որ հետ գար, իմ կողքին լիներ ու մամային օգներ, հիմա ես էստեղ չէի լինի ու լավ կապրեի․․․»:

Ասում է՝ խնամքի կենտրոնում էլ իրեն վատ չի զգում, ինքն ուրախ մարդ է ու տխուր բալիկներին էլ փորձում է զվարճացնել իր կատակներով: Ընկերների հետ մեզ ծանոթացնելիս ասում է՝ «Սևադան տաղանդավոր ռեպպեր է, Էլիզան՝ հրաշալի բանաստեղծուհի, Սպարտակն էլ ընտիր նկարում է, իսկ ես անտաղանդ եմ, ոչինչ չեմ կարողանում գրել ու հորինել: Հենց փորձում եմ կենտրոնանալ, մայրիկիս եմ հիշում, ու ամեն ինչ խառվում է իրար»:

Հունիսի 1-ը Սվետլանայի համար իսկական ուրախության տոն դարձավ: Երկար ու անհանգիստ սպասումի ժամերն իզուր չանցան: Մայրիկն ի վերջո եկավ դստրիկի ետևից: Թե որքան կտևի մոր և դստեր համատեղ կյանքը, կենտրոնում չեն փորձում կանխատեսել: Մայրիկը խոստումներ չտվեց, բայց Սվետլանան վստահ է՝ սա վերջին հրաժեշտն է մանկական այս կենտրոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG