Մատչելիության հղումներ

Այսօր նոր տնօրենի առաջին աշխատանքային օրն էր:

Եղիշե Չարենցը իր կյանքի վերջին՝ ամենաբարդ շրջանում մի լուսավոր կետ ուներ միայն՝ իր ընտանիքն ու իր տունը, որտեղ դժբախտաբար ապրեցին ընդամենը 2 տարի՝ 1935-1937 թվականներին:

Չարենցի և նրա կնոջ՝ Իզաբելլա Չարենցի ձերբակալությունից հետո այդ տան դռներն ընդմիշտ փակվեցին նրանց զավակների՝ 5-ամյա Արփենիկի և երկու տարեկան Անահիտի համար, ովքեր մնացին բառացիորեն փողոցում:

Մոտ 40 տարի անց՝ 1975-ին արդեն որպես տուն-թանգարան վերաբացվեց մեծ բանաստեղծի երբեմնի հյուրընկալ օջախը, որն այսօր մեր քաղաքի լավագույն մշակութային օջախներից մեկն է: Հաճախելիությունը թանգարան տարեցտարի ավելանում է, այստեղ կազմակերպվում են ոչ միայն Չարենցին և նրա ստեղծագործությանը նվիրված ամենատարբեր միջոցառումներ, գրական-երաժշտական երեկոներ, ցուցահանդեսներ, այլև երիտասարդ գրողները, նկարիչներն ու երաժիշտներն են հնարավորություն ստանում ներկայանալ արվեստասեր հանրությանը:

Տուն-թանգարանի նորանշանակ տնօրեն Անահիտ Ասատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առայժմ մտադիր է հանգամանորեն ծանոթանալ թանգարանի գործունեությանը:

Ասատրյանն աշխատել է Մատենադարանում, մասնակցել է Մշակույթի նախարարության հայտարարած մրցույթին, որին, իր փոխանցմամբ, ևս մեկ թեկնածու է եղել, որը ինչ-ինչ պատճառներով հետագայում հրաժարվել է մրցույթին մասնակցելուց:

«Չարենցին շատ եմ սիրում: Իմ թեկնածուական թեզը նույն շրջանն է՝ Տերյան, Չարենց: Ինձ այդքանով հետաքրքրեց: Այդ ընթացքում շատ ծրագրերի մասին մտածել եմ, բայց քանի որ առաջին օրն է, որևէ բան ասել չեմ կարող, թանգարանի հնարավորությունները չգիտեմ: Չգիտեմ այն հնարավորությունները, որոնցից ես կարող եմ օգտվել կամ գոնե ձեռք բերել նոր միջոցներ: Ես ինչքան գիտեմ, առանձնապես մեծ միջոցներ թանգարանը չունի», - ասաց Ասատրյանը:

Թանգարանի արդեն նախկին երկարամյա տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ըստ օրենսդրության, այլևս չէր կարող պաշտոնավարել, կաշխատի արդեն որպես փոխտնօրեն:

«Ազատության» հետ զրույցում նա ասաց․ - «Ես Չարենցի տուն-թանգարանում աշխատում եմ 32 տարի, որից 27 տարին՝ տնօրեն: Եվ կարող եմ ասել, որ շատ ուժ, եռանդ, նույնիսկ առողջություն եմ դրել այս թանգարանի վրա: Մենք նվիրյալներ ենք եղել և ամեն ինչ արել ենք թանգարանի համար: Իմ միակ ցանկությունն է, որ այն մարդը, որը եկել է ինձնից հետո այստեղ տնօրինելու, նա նույնպես նույն վերաբերմունքը, նույն սերը, նույն հարգանքը ունենա Չարենց հանճարի և Չարենցի տուն-թանգարանի նկատմամբ»:

XS
SM
MD
LG