Մատչելիության հղումներ

Լիբանանում խաղաղապահ առաքելությունն ստանձնեց հայկական 4-րդ զորախումբը


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում՝ UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի կենտրոնակայանում, երկուշաբթի օրը տեղի է ունեցել հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ արարողությունից առաջ Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիին: Հանդիպմանը մասնակցել են հայ խաղաղապահների 3-րդ և 4-րդ զորախմբերի հրամանատարները: Նիտտին ներկայացրել է առաքելության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները: Նա դրվատել է հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը և բազմազգ միջավայրում աշխատելու ունակությունները: Գեներալն առանձնահատուկ նշել է հայկական զորախմբի արագ ինտեգրման կարողությունը:

Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմավորմանը, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան լիարժեք գործառնական կարողությունների ձևավորմանը, Կոսովոյի ուժերին և Աֆղանստանի գործողություններին մասնակցության փորձառությանն առնչվող հարցերի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի խաղաղապահության զարգացման հեռանկարների, խաղաղապահության մանդատների շրջանակների ընդլայնման անհրաժեշտության շուրջ:

Պաշտոնական արարողության ժամանակ ծառայությունն ավարտող հայ խաղաղապահների 3-րդ զորախումբը լիազորությունները փոխանցել է Լիբանան ժամանած հաջորդ՝ 4-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով են հանդես եկել Արտուրո Նիտտին, կենտրոնակայանի մարտական աջակցության գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ջուզեպպե Անեկկան և հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի հրամանատար մայոր Գևորգ Սայադյանը:

Նիտտին շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին բարեխիղճ և բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար, շնորհավորել է տուն վերադարձող հայ խաղաղապահներին և բարի ծառայություն մաղթել պարտականությունները ստանձնող նոր զորախմբին:

Պաշտոնական հանդիսությունը եզրափակվել է հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ․ նրանց հանձնվել են ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու կապակցությամբ:

UNIFIL-ի Խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիի հրամանատարության տակ գտնվող հատվածում ծառայում են 13 երկրների 3800 զինծառայողներ, ասված է Հայաստանի արտգործնախարարության տեղեկանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG