Մատչելիության հղումներ

Քոչարյան. Հայաստանը նկատելիորեն զիջում էր սպառազինության որակով


Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Երկրորդ նախագահն իր ոչ պաշտոնական կայքին տված հերթական հարցազրույցում անդրադարձել է ապրիլյան պատերազմին, այն որակելով «ոչ հաղթանակ, ոչ էլ պարտություն»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր ոչ պաշտոնական կայքին տված հերթական հարցազրույցում անդրադարձել է ապրիլյան պատերազմին, նաև գնահատել է ներքաղաքական զարգացումներն ու Ռուսաստանի հետ Հայաստանի ներկա հարաբերությունները:

Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին, Քոչարյանը նկատում է՝ Բաքվում ռազմական հաղթանակի էյֆորիան բացարձակապես անհիմն է: «Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն, ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների չորս օրերի ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են: Այնպես որ՝ բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել: Սակայն, ակնհայտ դարձավ, որ նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա, և սա կարող է իրապես խթանել սառեցված բանակցային գործընթացը»,- հարցազրույցում նշում է երկրորդ նախագահը:

Ըստ նրա, ապրիլին տեղի է ունեցել այն, ինչին պետք էր սպասել: «Ամենից հավանականն այն է, որ Ադրբեջանում թերագնահատեցին Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտունակությունը, ինչպես նաև` ագրեսիային դիմագրավելու՝ Արցախի և Հայաստանի բնակչության պատրաստակամությունը: Սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մասշտաբը, ըստ ամենայնի, անընդունելի էին դառնում Բաքվի համար, և պատերազմը կանգնեցվեց»:

Երկրորդ նախագահը քննադատել է նաև հայաստանյան իշխանություններին՝ բավարար չափով սպառազինություն ձեռք չբերելու համար, հիշեցնելով՝ մինչև Բաքվի և Մոսկվայի միջև 2011-ին կնքված պայմանագրի իրագործումը, կողմերի միջև, սպառազինության որակի առումով, հավասարակշռությունը պահպանվել է: Քոչարյանը միևնույն ժամանակ պնդում է՝ եթե Ադրբեջանն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից:

«Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով, գաղտնիք չէր, սակայն մի բան է՝ դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով: Հասարակության ցավագին արձագանքն այստեղ հասկանալի է: Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը: Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ նրան դնում է բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև: Նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումները Բաքվին խախտեցին բալանսը, զգալիորեն մեծացնելով այդպիսի սցենարի հավանականությունը»,- շարունակում է Ռոբերտ Քոչարյանը:

Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակելով այն տեսականու առումով, կամ՝ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: «Մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր և միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների և զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում»,- նշում է երկրորդ նախագահը:

Նա հավելում է՝ սպառազինությունների բացը պետք է լրացվի ինստիտուցիոնալ մակարդակով, «այլ ոչ թե «ազգովի», ինչպես Ղարաբաղյան շարժման ամենասկզբում էր»: Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է երկար ժամանակ լռություն պահպանել և չի հանդիպել գործող նախագահին, Քոչարյանը պատասխանում է՝ «Լոզունգներով կամ կիսատ-պռատ խոսելու ցանկություն չունեի: Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների: Մշտական կապի մեջ եմ եղել ԼՂՀ ղեկավարության հետ. այնտեղ էին այն ժամանակ ընդունվում բոլոր որոշումները: Եթե պատերազմը ձգվեր, իհարկե, կգնայի Ղարաբաղ, ընդ որում՝ տևական ժամանակով , առանց տեսախցիկների ու սելֆիների»:

Խոսելով ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի գործընկերների պահվածքի մասին, Քոչարյանը գնահատում է՝ «ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում Հայաստանի ընդհանուր անդամակցության հետ: Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետևություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, և գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ը ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն և առանձին շաղկապվածությամբ: Որևէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղըզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ղազախստանի ձևավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, և դա չի կարելի հաշվի չառնել»:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին: Մասնավորապես, մեկնաբանելով կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ նոր պայքարի փուլ սկսելու վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, Քոչարյանը նկատում է՝ վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: «Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր»,- եզրափակել է երկրորդ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG