Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ Փախստականների հարցն ու Բունդեսթագի բանաձևը պետք չէ կապել իրար հետ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահը Bild-ի հարցազրույցում Եվրամիությանը խորհուրդ է տվել կուրորեն չհավատալ Էրդողանին:

Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն միայն այն պատճառով, որ մեկ այլ երկրի ղեկավար դրանից կզայրանա: Գերմանական Bild-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Ռեջեփ Էրդողանը Բունդեսթագի բանաձևից հետո փախստականների հարցով Եվրամիության հետ համաձայնությունը տապալի:

«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այդ համաձայնությունը շատ երերուն հիմքի վրա է կառուցված, իսկ այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար կլինի այն իրականացնել երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Սարգսյանը:

Նախատեսվում է, որ Գերմանիայի ստորին պալատում՝ Բունդեսթագում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը քվեարկության կդրվի այս հինգշաբթի՝ հունիսի 2-ին։ Թուրքիան ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով զգուշացրել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետևանքների մասին։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ դա վնաս կհասցնի Գերմանիայի և Թուրքիայի երկկողմ դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական կապերին:

Հայաստանի նախագահը, անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ գերմանացի քաղաքական գործիչներ ձեռնպահ են մնում բանաձևի օգտին քվեարկելուց՝ վախենալով Թուրքիայի նախագահի քաղաքական վրեժից, շեշտել է՝ «Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի հերքում, որ դա ցեղասպանություն էր, որը 101 տարի առաջ դարձավ 20-րդ դարի առաջին համակարգված ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձևին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար համամարդկային արժեքներն ավելի կարևոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձևեր են ընդունել»:

Սերժ Սարգսյանը նաև ասել է, թե չի հասկանում Էրդողանի սուր արձագանքից վախեցող քաղաքական գործիչներին: «Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպիսին, օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնվում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»,- հավելել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Եվրամիության միջև փախստականների հարցով համաձայնության հնարավոր տապալումն ու Բունդեսթագում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը պետք չէ կապել իրար հետ: «Եվրամիությունը չպետք է կուրորեն հավատա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ փախստականների խնդրի կարգավորման հարցում, այլ պետք է սեփական լուծումները փնտրի»,- ասել է Հայաստանի նախագահը:

Պատասխանելով Bild-ի լրագրողի հարցին` արդյոք Եվրամիություն կարո՞ղ է վստահել Թուրքիայի նախագահին, Սերժ Սարգսյանը նշել է, որ չի կարող խոսել Եվրամիության անունից, բայց իր սեփական փորձից ելնելով կարող է ասել՝ «ոչ, մենք չենք հավատում Էրդողանին»: Հայաստանի նախագահի խոսքով, հենց Էրդողանն է արգելափակել հայ-թուրքական հաշտեցման ցյուրիխյան համաձայնագրերի վավերացումը Թուրքիայի խորհրդարանում:

Հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ ապրիլին, երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, հայկական կողմը չտեսավ միջազգային համերաշխություն: «Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում: Մեզ համար պարզ է, որ մենք տնտեսապես միգուցե պակաս հետաքրքիր ենք: Մեզ համար կարևոր է, որ անարդարությունն անարդարություն կոչվի: Մեզ համար առաջին հերթին բավարար կլիներ, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ դատապարտեին Ադրբեջանի արարքը: Երբ դա չբավականացնի, արդեն անհրաժեշտ կլինի մտածել պատժամիջոցների սահմանման մասին», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG