Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան Գերմանիային զգուշացնում է ամենաբարձր մակարդակով


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Էրդողանը Մերկելին իր մտահոգություններն է փոխանցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի կապակցությամբ:

Թուրքիան ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով զգուշացրել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետևանքների մասին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ դա վնաս կհասցնի Գերմանիայի և Թուրքիայի երկկողմ դիվանագիտական, տնտեսական, առևտրային, քաղաքական և ռազմական կապերին, նշելով, որ երկու երկիրն էլ՝ Գերմանիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են։ Էրդողանն ասել է, թե այդ ամենը կվերանայվի։

«Ռոյթերզ»-ը, վկայակոչելով Թուրքիայի նախագահականի աղբյուրները, նշում է, որ այս հայտարարությունից առաջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հայտնելով իր մտահոգությունները օրինագծի կապակցությամբ։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Մերկելի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ողջամտություն ցուցաբերել և խորհրդարանի այդ քննարկումներին խելամտորեն մոտենալ։

Գերմանիայի կառավարության խոսնակը հաստատել է, որ Էրդողանը և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել՝ ասելով, որ նրանք քննարկել են նաև միգրանտների հարցով Թուրքիա-Եվրամիություն համաձայնությունների իրականացումը։

Երկու երկրների հարաբերություններից բացի, նշում է «Ռոյթերզ»-ը, նաև մտահոգություններ կան, որ Բունդեսթագի կողմից օրինագծի ընդունումը կարող է լարվածություն առաջացնել Գերմանիայում ապրող ազգությամբ թուրք մոտավորապես 3.5 միլիոն բնակիչների շրջանում։

Անցյալ տարի Գերմանիայի նախագահը՝ Յոախիմ Գաուքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր խոսքում օգտագործել է ցեղասպանություն բառը։ Նախկինում Գերմանիան հայերի 1915 թվականի կոտորածները բնորոշելու համար խուսափում էր այդ եզրույթի գործածումից։

Թուրքիան ընդունում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա շատ հայեր են սպանվել, բայց կտրականապես հերքում է, թե տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Նախատեսվում է, որ Գերմանիայի ստորին պալատում՝ Բունդեսթագում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը քվեարկության կդրվի այս հինգշաբթի՝ հունիսի 2-ին։

XS
SM
MD
LG