Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵԱՏՄ-ից ավելի քիչ մաքսատուրք է ստացել, քան ակնկալում էր


Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի ակնկալիքները չեն արդարանում մաքսատուրքի առումով․ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը մոտ 4 միլիարդ դրամով ավելի քիչ մաքսատուրք է ստացել, քան ակնկալում էր:

«Ընդհանուր ֆոնդից ավելի քիչ մասհանումներ են կատարվել՝ ելնելով նրանից, որ համապատասխան երկրները՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, ներմուծումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են, մաքսատուրքերի հոսքը պակասել է, և մեր ստացածը, որ մենք ակնկալում էինք ավելի շատ ստանալ, չենք ստացել, այլ ստացել ենք 11 միլիարդ դրամ», - Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում ներկայացնելով այս տարվա առաջին եռամսյակի տվյալները, ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Ալավերդյանը հավելեց՝ եթե պահպանվեին նախորդ տարիների բարենպաստ միտումները, Հայաստանը կշահեր, սակայն 2014 թվականին ոչ ոք չէր կարող կանխատեսել նման տնտեսական անկում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանում կայունացման միտումներ կան, և կարելի է տնտեսական ցուցանիշների բարելավում սպասել:

Անբարենպաստ այս իրավիճակը ներկայացնելով՝ Ալավերդյանը, այդուամենայնիվ, չցանկացավ քաղաքական գնահատական տալ՝ արդյոք Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանն արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ, և հնարավո՞ր է, որ Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, եթե չստանա ակնկալված օգուտները․ - «Միայն մաքսատուրքի ավել կամ պակաս լինելով չենք որոշում՝ այս միության մեջ մտնո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եվ ես մի փաստարկ բերեմ․ եթե տնտեսական իրավիճակը՝ ռուսական ռուբլու կայունության ֆոնը պահպանվեց, մեր արտահանումները այնտեղ ակնհայտորեն կաճեն»:

Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն ազդել է տնտեսության վրա․ եթե նախկինում սահմանին ավելի շատ ավելացված արժեքի հարկ էր գանձվում, հիմա այն երկրի ներսից են հավաքում: Արմեն Ալավերդյանը պատգամավորներին ասաց՝ սա դրական միտում է, թեև կարճաժամկետ առումով բացասական ազդեցություն է ունենում:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էլ նկատեց՝ ԵԱՏՄ անդամակցությունը ազդել է նաև Հայաստանից արտահանման վրա․ - «Մենք սկսում ենք ԵվրազԷՍ-ի երկրներ արտահանման ծավալները աճեցնել աստիճանաբար»:

Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հայրապետյանը տեղեկացրեց՝ այսօր հրապարակել են ամենաթարմ տվյալները՝ 2016 թվականի առաջին եռամսյակի մասին: Ըստ այդմ՝ 5.5 տոկոս տնտեսական ակտիվություն է արձանագրվել, իսկ համախառն ներքին արդյունքը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4.4 տոկոսով: Միևնույն ժամանակ անկում են գրանցել սպառումը, ներմուծումը, առևտուրը, շինարարությունը:

Պատգամավոր Խոսրով Հարությունյանը խնդրեց բացատրել՝ ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական հիմնական ուղղություններն անկում են ապրում, իսկ տնտեսությունը ակտիվություն և աճ է ցույց տալիս:

Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց՝ տնտեսական աճը ստացվել է հիմնականում ծառայությունների ոլորտի և Թեղուտի հանքավայրը շահագործելու հաշվին․ - «Հանքարդյունաբերական համալիրով է պայմանավորված, ըստ էության, և դա էլ մեկ կոնկրետ գործոնով՝ Թեղուտի հանքավայրի շահագործման ազդեցությամբ: Նաև այստեղ մենք մյուս ցուցանիշների ներկայացման ժամանակ ներկայացրել ենք իրական պատկերը, որը որոշակի վատթարացում է արձանագրել՝ այդ թվում նաև սպառման կրճատման ուղղությամբ, ինչը որպես կանոն հետևանք է տնօրինվող եկամուտների նվազման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG