Մատչելիության հղումներ

Հարկային օրենսգրքի նախագծի քննադատները պահանջում են լրամշակել այն


Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, արխիվ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, արխիվ:

ՊԵԿ-ի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, մինչդեռ, պնդում է, թե խորհրդարանը նման որակյալ փաստաթուղթ վաղուց չի ստացել:

Անդրադառնալով վերջին օրերին հնչող քննադատությանը, թե նոր Հարկային օրենսգրքի նախագիծը նոր ծուղակներ է ստեղծում հարկ վճարողների համար՝ Պետական եկամուտների կոմիետի (ՊԵԿ) ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը այսօր հայտարարեց․ - «Հարկային օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովից հետ կանչվելու և լրամշակվելու կարիք չունի»:

«Ազգային ժողովը վաղուց այդպիսի որակյալ, բազմաթիվ կարգավորումներ պարունակող փաստաթուղթ չի ստացել», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Ալավերդյանը՝ շարունակելով․ - «Ես կցանկանայի Հայաստանում ցանկացած քաղաքացուց, հաշվապահական մասնագիտացված կառույցից կամ որևիցե պետական, մասնավոր ընկերությունից ստանալ ռեալ գնահատական՝ իրենց ի՞նչը դուր չի գալիս: 700 էջից ավելի փաստաթուղթ է, հազարավոր կարգավորումներ է տալիս»:

Ուշագրավ է, որ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես երեկ ընդունել է, որ տնտեսական աճին նպաստելու տեսանկյունից օրինագիծը վերաքննարկման կարիք ունի:

ՊԵԿ-ում, այդուհանդերձ, վստահ են, որ այն նորանկախ Հայաստանի լավագույն փաստաթուղթն է և բխում է հազարավոր մարդկանց շահերից:

«Բնականաբար, օրենսգիրքը իր մեջ ունի նաև պատասխանատվության էլեմենտներ, ունի խուսափողների, բացասական երևույթների դեմն առնելու մեխանիզմներ: Բնականաբար, չի կարող օրենսգիրքը բավարարել բոլոր կողմերի պահանջները, բայց պետության տեսանկյունից, մեր քաղաքացիների տեսանկյունից, տասնյակ հազարավոր գործարարների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսանկյունից դա, Ձեզ հավատացնում եմ, շատ լավ փաստաթուղթ է», - նշեց Ալավերդյանը:

Հարկային օրենսգրքի նախագիծը հիմնավորող տեղեկանքում նշված նպատակներից են ներդրումների ներգրավումը, տնտեսական բարենպաստ միջավայրի ձևավորումը, տարածաշրջանային ճկուն, մրցունակ հարկային համակարգի ստեղծումը: Քննադատները, սակայն, վստահ են, որ օրինագծով ոչ միայն չեն լուծվում այս հարցերը, այլև ավելանում է հարկային բեռը․ բարձրանում են եկամտային դրույքաչափը, շահութահարկը՝ ի հայտ բերելով նոր խնդիրներ:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ներկայացվում է տնտեսության զարգացման քաղաքականության մասին, բայց ամորտիզացիոն մասհանումների ժամկետը ավելացնում ենք, որը ուղիղ հակառակ էֆեկտ է ունենում: Որովհետև եթե մենք շենք-շինությունների համար սահմանում ենք քառասուն տարի, ոչ մի ներդրող ցանկություն չի ունենա քառասուն տարվա ներդրում իրականացնել, որ հետ գնի իր ներդրածը»:

«Օրինագիծը ընդունվելու դեպքում ներդրումների լուրջ պակաս կլինի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտում», - վստահ է այդ ոլորտում աշխատող հաշվապահ Մանե Թանդիլյանը՝ նշելով, թե ինչ վնասներ կարող է հասցնել շահութահարկին վերաբերող նոր դրույթը խոշոր ընկերություններին․ - «Երբ շենք ես ձեռք բերում, մաշվածությունը քսան տարի էր, այսինքն ամեն տարի նվազեցնում էինք մեկ քսաներորդ մասը: Նոր օրենսգրքով դա քառասուն տարի է, այսինքն ամեն տարի մենք պետք է նվազեցնենք մեկ քառասուներորդ մասը, որը նշանակում է քիչ նվազեցում, որը ենթադրում է շատ շահույթ և ավելի շատ շահութահարկ․․․ Մենք խոսում ենք ներդրումային ֆոն ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի ներդրումներ կատարվի, և զուգահեռ մենք խոսում ենք հարկերը բարձրացնելու մասին»:

Մասնագետների պնդմամբ՝ փաստաթղթում բազմաթիվ են հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորությունները, անորոշությունները:

Փայլակ Թադևոյսանը նաև նկատում է, որ այսօր, երբ ակտիվորեն խոսվում է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նոր Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխությունները ուղղակիորեն խոչընդոտում են դրանց վերացմանը․ - «Օր առաջ պետք է Ազգային ժողովից հետ կանչվի ներկայացված նախագիծը և ամբողջությամբ լրամշակվի: Եթե խոսում ենք կոռուպցիոն երևույթների, մոնոպոլ երևույթների մասին, պետք է հնարավորինս բացառել ցանկացած օրենսդրական ակտով հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորությունը»:

XS
SM
MD
LG