Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Շիրակի փողոցից Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցումը


Երևանի քաղաքապետարանը, արխիվ
Երևանի քաղաքապետարանը, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Շիրակի փողոցից մինչև Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մետր լայնությամբ, շուրջ 1,5 կմ երկարությամբ:

«Արդեն երկու տարի է, ինչ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փուլ առ փուլ մայրաքաղաքում խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրեր ենք կյանքի կոչում: Այսօր տվեցինք Շիրակի փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածի շինարարության մեկնարկը: Այն Երևանի Շենգավիթ վարչական շրջանը կկապի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ: Այս աշխատանքների շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի նաև 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Նաև նշեմ, որ այս հատվածի շինարարական աշխատանքները կիրականացնի միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը», - իր խոսքում ասել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նշել է, որ առաջիկայում տրվելու է ծրագրի երրորդ և չորրորդ փուլերի մեկնարկը, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի բոլոր փուլերի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխանող անընդհատ երթևեկությամբ 23 կմ շրջանցիկ ավտոճանապարհ, որը կձգվի Արտաշատի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ իրար կապելով Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:

Նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG