Մատչելիության հղումներ

Թուրքիան Գերմանիային կոչ է անում չճանաչել Հայոց ցեղասպանությունը


Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 24-ը մայիսի, 2016 թ․

Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, 24-ը մայիսի, 2016 թ․

Անկարան Բեռլինին նախազգուշացնում է, որ խորհրդարանի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը խիստ վնասակար հետևանք կունենա գերմանա-թուրքական կապերի համար:

«Գերմանիան պարտավոր է զգուշությամբ գործել Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանը կզոհաբերի այդ հարաբերությունները հանուն բանաձևը ներկայացրած երկու-երեք պատգամավորի շահերի», - ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Ենթադրվում է, որ Բունդեսթագն այս շաբաթ՝ հավանաբար հունիսի 2-ին, քվեարկության կդնի իշխող և ընդդիմադիր կուսակցությունների համաձայնեցրած բանաձևը, որը «ցեղասպանություն» է որակում Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանդը:

Գերմանացի մեկնաբանները նշում են, թե ամբողջ աշխարհում ընդունվել է այն թեզը, որ հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Ավելի քան 20 պետություն հենց ցեղասպանություն է համարում այդ սպանությունները:

Գերմանական աղբյուրներն ընդգծում են, որ բանաձևի քննարկումն ու ընդունումը տեղի կունենա գերմանա-թուրքական կապերի համար շատ բարդ մի ժամանակաշրջանում:

Բեռլինը և Եվրոպական միությունը հետաքրքրված են լավ հարաբերություններ պահպանելու Անկարայի հետ, քանի որ Թուրքիան կարևոր դեր ունի Եվրոպային չափազանց մտահոգող միգրանտների հարցը կարգավորելու գործում:

Բացի այդ, բուն Գերմանիայում ապրում է թուրքական ծագում ունեցող մոտ 3 միլիոն մարդ: Այդ հսկայական զանգվածի գերակշիռ մեծամասնությունը կտրականապես դեմ է որևէ երկրում և նախևառաջ Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձերին:

Բանաձևը կազմել են ձախերի և աջերի իշխող կոալիցիան և ընդդիմադիր «կանաչները»:

Թուրքերի համար այդքան տհաճ եզրույթը տեղ է գտել բանաձևի և՛ վերնագրում, և՛ տեքստում: Վերնագիրն է՝ «1915-16 թվականների հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակ և ոգեկոչում»:

Անցյալ տարի երկրի նախագահ Յոախիմ Գաուքը դարձավ գերմանացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով հրապարակավ կիրառեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, ինչին հետևեց Անկարայի խիստ ջղային արձագանքը:

Մեկ տարի առաջ Գաուքը նշել է, որ Գերմանիան նույնպես մասնակի պատասխանատվություն է կրում հայերի ողբերգության համար․ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, և գերմանացի զինվորականները մասնակցել են հայերի տեղահանմանը:

Գերմանիայում ապրող թուրքերը բողոքի ակցիաներ են անցկացնում և պահանջում են կանխել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը: Մինչդեռ, Գերմանիայում ապրող քրդերը Բունդեսթագ են ուղարկում բազմաթիվ դիմումներ՝ կոչ անելով չենթարկվել շանատժի և ընդունել բանաձևը:

«Մեր նպատակը Թուրքիան անկյուն մտցնելը չէ: Մենք չենք պահանջում, որ Թուրքիայի կառավարությունն իրեն մեղավոր ճանաչի ցեղասպանության համար, բայց մենք ուզում ենք, որ Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը», - ասել է գերմանացի օրենսդիր Ֆրանց Յոզեֆ Յունգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG