Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Յուրա Ղուզանյանը կրակահերթերից հետո հավաքել է փամփուշտներն ու խնամքով պահում է մի անկյունում: Դպրոցը հակառակորդի նշանառության տակ է, դիրքերից ընդամենը մեկ կիլոմետր է հեռու:

«Պատին խփել ա, պատի մեջ մնացել, վերցրել ենք: Էս կրակած փամփուշտներն են։ Ինձ մոտ պահել եմ, մտածել՝ կարող ա մի տեղից գան ցույց տանք», - պատմում է ուսուցիչը:

Անցած տարի Բաղանիսի միջնակարգ դպրոցում 128 աշակերտ էր սովորում, այս տարի շուրջ հարյուրն է մնացել: Դպրոցն այս տարի 8 շրջանավարտ է տվել․ պատրաստվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը շարունակել:

«Մեր աշակերտների քանակը պակասում ա, որովհետև խնդիրներ ունեն սահմանամերձ գյուղում ապրելու, այդ պատճառով շատ-շատերը դուրս են գալիս գյուղից և փորձում են ավելի ապահով վայրեր տեղափոխվել, բայց դեռ կան մարդիկ, ովքեր չեն ուզում թողնել էս հողը, չնայած երևի ամեն օր կրակոցները լսվում են», - ասում է ավարտական դասարանի դասղեկ Ալվարդ Վարդանյանը:

Հինգերորդ դասարանցի Էդմոնի խոսքով՝ կրակոցների ժամանակ հիմնականում նկուղում են թաքնվում, սակայն դասերը չեն ընդհատվում։ Ուսումնական տարին կրակոցներով է սկսվում ու ավարտվում՝ ասում է Բաղանիսի ղեկավար Նարեկ Սահակյանը։

«Սեպտեմբերի 1-ը կրակոցներով սկսվեց: Դասապրոցես չկար այդ օրը, կար սեպտեմբերյան միջոցառում», - հիշում է նա:

Գյուղապետը վստահ է՝ թեև աշակերտներն այս պայմաններում են սովորում, սակայն դա նրանց առաջադիմության վրա չի ազդում։

«Անցած տարի Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ հինգ դիմորդից չորսն անցել են անվճար։ Սա խոսուն փաստ է, որ մեր դպրոցի շրջանավարտների թե՛ ինտելեկտը, թե՛ ձգտումը տեղն է, որակը տեղն է», - ասում է Նարեկ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG